Հուլիսի 31-ի երեկոյան տեղի ունեցած ասուլիսում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անդրադարձել է Հայաստանին զենք վաճառելու թեմային:
Նախագահը շեշտել է, որ զենքի վաճառքն ուղղված է երկրի ռազմարդյունաբերությունը փրկելուն, և դա միակ տարբերակն է, որն ապահովում է այդ արտադրության հաջողությունը։ «Թե Ադրբեջանը և թե Հայաստանը մեր բարեկամներն են։ Վերջին տարիներին մենք տասնապատիկ ավելի շատ զենք ենք վաճառել Ադրբեջանին»,- ասաց նա՝ հավելելով, որ, չգիտես ինչու, այդ մասին որևէ լրատվական չի ուզում խոսել։
Վուչիչի խոսքով՝ ռազմարդյունաբերության ոլորտում աշխատում է 17000 մարդ, որոնք պետք է մնան իրենց գործին: «Բայց ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ. ո՞ւմ ենք վաճառելու ապագայում: Ում էլ վաճառենք, ինչ-որ մեկը դժգոհելու է»,- հավելել է Վուչիչը: