Ինչո՞ւ է աղմկում Աղստևը` գիտի Հաղարծին գյուղի միջով անցնող գետի ափամերձ թաղամասից Վարդանը: Նրան հիմա քիչ է գրավում իր երբեմնի սիրած զբաղմունքը` կարթով ձուկ որսալը:
Վարդան Քոչարյան, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչ - Ինձ անհանգստացնում է գետի այս վիճակը, նույնիսկ ձեռքերը լվանալ չի լինում, ուր մնաց ձուկ բռնել` ուտել, ձկներն էլ պակասել են: Ամբողջ կոյուղաջրերը գետի մեջ են:
Ոչինչ չի փոխվել, անգամ, երբ Դիլիջանի կոյուղու մաքրման կայանը 6 տարի առաջ կառուցվեց Հաղարծին գյուղի տարածքում; Չնայած 7 կմ-ից ավելի կոյուղատարն անցնում է 2 հարևան գյուղի` Հաղարծինի և Թեղուտի միջով, սակայն այդ գյուղերը ներառված չէին ծրագրում:
Արմեն Սանթրոսյան, Դիլիջան համայնքի ղեկավար - Այն ժամանակ համայնքը խոշորացված չէր, բայց 2 գյուղերը հեշտ էր միացնել կոլեկտորին, որպեսզի կոյուղաջրերը չլցվեն Աղստև գետը:
Հարցն առայսօր բաց է: 2 գյուղն էլ կոյուղու ներքին ցանց ունեն գրեթե կիսով չափ, և բոլոր խողովակներն ուղղված են դեպի գետը: Խնդիրը նաև «Վեոլիա ջուր» ընկերության դաշտում է: Դիլիջան համայնքի խոշորացումից առաջ և հետո էլ ընկերության կառավարմանն են հանձնված միայն քաղաքի խմելու ջրի և կոյուղու համակարգերը, իսկ գյուղերի բնակիչները բաժանորդ չեն, և կարծես չեն էլ ձգտում:
Ասում են` հանգուցալուծման ծայրը չի երևում: 2014թ կառավարության, քաղաքապետարանի և միջազգային մի քանի կազմակերպության համաֆինանսավորմամբ մաքրման կայանի կառուցումը նաև բնապահպանական խնդիր պիտի լուծեր: Ստացվում է` գետը կոյուղաջրերից զերծ է մինչև այդ գյուղեր հասնելը, աղտոտված ջրերը հոսում են նաև մաքրման կայանի սպիտակին տվող շենքի կողքով: