ԿԳՄՍ-ն տեղեկացնում է, որ նոր առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրերի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ներկայացված է 7-12-րդ դասարաններում: Այն գործող առարկայական չափորոշչի և նոր չափորոշչի նախագծում տրված է «Աշխարհագրություն» (7-8-րդ, 10-12-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) ուսումնական առարկաներով:
«Աշխարհագրություն» ուսումնական առարկայի դասավանդումը 7-րդ դասարանից սկսելը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի 31-րդ կետով: Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ընդգրկվել է «Բնագիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա» (ԲՏՃՄ) ուսումնական բնագավառում:
6-րդ դասարանի «Աշխարհագրություն: Մայրցամաքներ, օվկիանոսներ» դասընթացի «Աշխարհագրական թաղանթ»-ին առնչվող բովանդակությունը հիմնական մասով և առավել մանրամասն ընդգրկված է 7-րդ դասարանի ծրագրում՝ առանձին թեմաների տեսքով: Մայրցամաքներին առնչվող որոշ բովանդակային բաղադրիչներ (օրինակ՝ բնական զոնաներ, օրգանական աշխարհ, կլիմայական առանձնահատկություններ և այլն), որոնք առավել արտահայտված են տարածաշրջանների տվյալ դասարանի ընդհանրական չափորոշչային և առանձնացված ծրագրային թեմատիկ վերջնարդյունքներում, շեշտադրվել են 8-րդ դասարանի համապատասխան թեմաների բովանդակության մեջ:
Գործող ծրագրերի չափորոշչային պահանջներից բեռնաթափվել է փաստական նյութի զգալի ծավալ, փոխարենը, ավելացվել են գործնական աշխատանքներ, թեմատիկ ուսումնասիրություններ, ուսումնական նախագծեր, ինչպես նաև աշխարհագրական արդի բովանդակություն՝ միջազգային հանրահայտ ծրագրերից (IB, AS and A Level Geography և այլն):
9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացը հիմնականում պահպանվել է, փոփոխվել է ՀՀ արդյունաբերության ճյուղային կառուցվածքի և ՀՀ վարչական մարզերի ներկայացման ձևաչափը:
Ավագ դպրոցում ուշադրություն է դարձվել աշխարհագրական կիրառական հմտությունների զարգացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը՝ առանձին թեմաներ ուսումնասիրելիս:
ԿԳՄՍ-ն նաև ներկայացրել է աշխարհագրության գործող և առաջարկվող ծրագրերի կառուցվածքի և բովանդակության համեմատությունը, որն իրազեկման տեսանկյունից առավել ակնառու է դարձնում կատարված փոփոխությունները: