Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործը: Նա Ադրբեջանում է հայտնվել 2018-ի հուլիսին: Կարեն Ղազարյանի պաշտպանական խումբը մի քանի անգամ դիմել է Եվրադատարան՝ խնդրելով հաշվի առնել գործի առանձնահատուկ հանգամանքները:
Արա Ղազարյան, ՄԻԵԴ-ում Կարեն Ղազարյանի ընտանիքի ներկայացուցիչ - Այն, որ պահվում է բացարձակ արտաքին աշխարհից կտրված վիճակում և դա արվում է միտումնավոր, և հաշվի առնելով, թե ինչ վտանգ է նրան սպառնում, խնդրել ենք արագացնել գործի քննությունը:
Փաստաբան Արա Ղազարյանը հիշեցնում է Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ վճիռը: Եվրոպական դատարանն, ըստ նրա, ընդունել է այդ գործով հայկական կողմի փաստարկները: Դրանք կիրառելի են նաև Կարեն Ղազարյանի գործով, մասնավորապես, որ անձին վտանգ է սպառնում, քանի որ նա հակառակորդի միջավայրում է:
Արա Ղազարյան, ՄԻԵԴ-ում Կարեն Ղազարյանի ընտանիքի ներկայացուցիչ - Ավելին, վերջերս տեղի ուենցած դեպքերի առնչությամբ Նարեկ Սարդարյանի վերաբերյալ այդ միտքը նորից արտահայտեց Եվրոպական դատարանը՝ հաշվի առնելով, որ հայատյաց քաղաքականություն կա:
Արա Ղազարյանը կարևորում է Ադրբեջանին ուղղված ՄԻԵԴ հարցադրումները: Հարցերից մեկն էլ Բաքվի հրապարակած Կարենի լուսանակարն է՝ սև հագուստով ու սև ներկված դեմքով, որով Ադրբեջանը ցանկացել է հայ տղային ներկայացնել որպես դիվերսիոն խմբի անդամ:
Արա Ղազարյան, ՄԻԵԴ-ում Կարեն Ղազարյանի ընտանիքի ներկայացուցիչ - Ադրբեջանի ձեռագիրն արդեն, կարելի է ասել, ձանձրացնում է, կես կատակ, կես լուրջ, գուցե փոխեն իրենց մոտեցումները: Բայց երբ դու շտապ կերպով իրավական պրոցես ես սկսում, ստեղծում ես որոշակի շրջանակներ, որից դուրս չեն կարող, հիմա, և Կարենը, և Նարեկը գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության տակ, անկախ նրանից՝ դեպքերը Արցախում են, Հայաստանում, Ադրբեջանում, բոլորը Եվրախորհրդի տարածք են:
Եվրադատարանում Կարեն Ղազարյանի գործը հաղորդակցվել է մի քանի, այդ թվում` կյանքի, արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու հոդվածներով: Փաստաբանն առանձնացնում է 12-րդ հարցը: ՄԻԵԴ-ը Բաքվից պահանջել է Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ու դատաքննության փաստաթղթերի բնօրինակներն անգլերեն:
Արա Ղազարյան, ՄԻԵԴ-ում Կարեն Ղազարյանի ընտանիքի ներկայացուցիչ - Սա նորություն է, մինչև հիմա Եվրադատարանն ասում է , որ աշխատում է պատճեններով, բնօրինակ երբեք չի ուզել: Մի անգամ ասել եմ, որ կեղծվել է, դա Չինարիի գործն է: Ստացվում է՝ Եվրադատարանն էլ կասկած ունի դատավարության հանդեպ, գուցե չի եղել, գուցե բեմականացվել է:
Ադրբեջանական իշխանությունները Կարենին պահելով արտաքին աշխարհից կտրված՝ արդյո՞ք չեն խախտում անհատական գանգատ ուղարկելու իրավունքը: Ստրասբուրգի դատարանը պատասխանների համար Ադրբեջանին մինչև հոկտեմբերի 28-ը ժամանակ է տվել: