Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտությունը։ Փորձ է արվել բացահայտել հանրային կարծիքը ինչպես կրթության, զբաղվածության, հանրային ինստիտուտների, այնպես էլ վերջին երկու տարիների ուշագրավ իրադարձությունների՝ թավշյա հեղափոխության, դրան հաջորդած վերափոխումների, բնակչության քաղաքական նախասիրությունների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ:
«Հետազոտության տնտեսական վիճակ. Զբաղվածություն և եկամուտ» գլխում անդրադարձ է կատարվում տնային տնտեսության ներկայիս տնտեսական իրավիճակին: Ըստ հարցման արդյունքների՝ 44 տոկոսին գումարը բավարար է սննդի և հագուստի համար, բայց ոչ այնպիսի թանկարժեք ապրանքների համար, ինչպիսիք են՝ սառնարանը, լվացքի մեքենան և այլն: 25 տոկոսի համար գումարը բավարար է սննդի, բայց ոչ հագուստ գնելու համար: 15 տոկոսն էլ նշել է, որ գումարը չի բավարարում սննդին: «Ձեր տնային տնտեսությունն ունի՞ խնայողություններ/պարտքեր» հարցին ի պատասխան 86 տոկոսը նշել է, որ խնայողություններ չունի, իսկ պարտքեր ունի 43 տոկոսը:
Հարցման մասնակիցները պատասխանել են նաև հարցին, թե Հայաստանի բոլոր տնային տնտեսությունների արդի տնտեսական վիճակը նկարագրող տասը աստիճանից կազմված սանդղակի ո՞ր աստիճանին է այսօր գտնվում կամ 5 տարի հետո գտնվելու իրենց տնային տնտեսությունը: 35 տոկոսի կարծիքով՝ այն այժմ գտնվում է 5-րդ սանդղակում, իսկ 34 տոկոսը չգիտի, թե որ սանդղակում կլինի 5 տարի անց:
Անցյալ ամսում տնային տնտեսության դրամական եկամուտների վերաբերյալ հարցին 28 տոկոսը պատասխանել է՝ 101-250 ԱՄՆ դոլար: Վրաստանում ևս հարցվածների պատասխանների պատկերը գրեթե նույնն է: Այնտեղ էլ հարցվածների 31 տոկոսն է նշել 101-250 ԱՄՆ դոլար: Իսկ թե որն է այն նվազագույն ամսական եկամուտը, որը հնարավորություն կտար ապրել «նորմալ» կյանքով, 31 տոկոսը նշել է 801-1200 դոլարը: