Lոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով Կալիֆոռնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հայրենակիցներին:
«Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հարձակումներն ու զավթողական նկրտումները վերջին շրջանում տարածում ստացան նաև աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հայահոծ համայնք կա։ Հատկապես Կալիֆոռնիան այդ իմաստով ադրբեջանական սադրանքների թիրախավորման գլխավոր նշանակետերից մեկն է դարձել, ինչի վկայությունն անցած շաբաթ տեղի ունեցած ադրբեջանական սադրիչ գործողություններն էին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև հայ համայնքի խաղաղ ցույցի ընթացքում, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի Կռուզյան-Զեքարյան-Վասպուրական վարժարանի նկատմամբ վանդալիզմը։
Հաշվի առնելով ադրբեջանական կողմից դրսևորվող թշնամական տրամադրվածությունը հայերի նկատմամբ՝ մեր համայնքին հորդորում ենք լինել առավելագույն զգույշ և զգոն ադրբեջանական հրահրիչ գործողությունների դիմաց, ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար։ Հորդորում ենք՝ ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր հերթին կանի հնարավորը՝ իրավապահ մարմինների՝ համայնքի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքին նպաստելու համար»,- ասել է Բայբուրդյանը։