2020թ. հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին է ստացվել «168.am» կայքում տեղադրված՝ «Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Ժիրայր Սեֆիլյան» վերտառությամբ հոդվածը, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը գրել է, որ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել հաջորդ նիստին բերման ենթարկել «Սասնա Ծռերի» 6 մասնակիցներին՝ անհարգալից խոսելով դատարանի մասին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) 2-րդ մասի հատկանիշներով, որի հետագա նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Քրեական գործով որոշում է կայացվել` դատավոր Մեսրոպ Մակյանին տուժող ճանաչելու մասին: Ժիրայր Սեֆիլյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին զրպարտելու հանգամանքի վերաբերյալ հրավիրվել է հարցաքննության:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: