Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։
Մասնավորապես Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են միայն սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։
Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ շարունակվում են մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում։