Մարզահամերգային համալիրում այսօր կազմակերպվել է դատավորների ընդհանուր ժողով: Քննարկվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրության հարցերը:
ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու դիմում են ներկայացրել վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի դատավոր Արման Կուրեխյանը:
ԲԴԽ-ի թափուր տեղի համար թեկնածություն են ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի երեք դատավոր՝ Սուրեն Անտոնյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածություն են ներկայացրել Աշխեն Ղարսլյանը, Արսեն Թավադյանը, Անահիտ Մանասյանը:
Լրագրողների հետ զրույցում ԲԴԽ դատավոր անդամ Մեսրոպ Մակյանը նշել է. «Իշխանության որևէ թևի ազդեցություն դատական համակարգի վրա չկա»: