Հանրային սննդի օբյեկտներում ՍԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգումները: Մշտադիտարկումներին հաջորդում են կասեցումները, բայց այսօր որևէ օբյեկտ չփակեցին, փոխարենը ստուգեցին ախտահանիչ նյութերի ու գրանցամատյանների առկայությունը, սոցիալական հեռավորության պահպանումը.
Վան Աղաջանյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Սկզբնական շրջանի հետ միանշանակ համեմատելի չի: Ունենք լավ արդյունքներ ու հույս ունենք` մինչև քովիդի ավարտը կունենանք էլ ավելի լավ արդյունք:
«Լունապարկ սրճարանում» խախտումներ արձանագրեցին. բացօթյա հատվածում չկային օգտագործած դիմակների և ձեռնոցների համար նախատեսված աղբարկղեր, բացի այդ, ստուգման պահին՝ տեսուչներն ախտահանիչ միջոցներ փնտրեցին, չգտան: Դա էլ արձանագրության մեջ նշեցին: Սրճարանի տնօրենը մինչդեռ վստահեցնում է.
Կորյուն Նազարյան, սրճարանի տնօրեն - Հաճախորդները պահպանում են, մենք` նույնպես: Սպիրտով ախտահանում ենք, նստելուց հետո բոլոր նստատեղերն ախտահանվում են:
Խախտումների թիվը նվազել է, բայց դա չի նշանակում, որ անբարեխիղճ տնտեսվարողներ չկան: Տեսուչներն ասում են, եթե ամիսներ առաջ օրական 200 կասեցում էին իրականացնում, ապա այդքան կասեցում արել են վերջին մեկ ամսում.
Վան Աղաջանյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Ավելի շատ խախտումներ, միանշանակ, արձանագրվում են հանրային սննդի ոլորտում օբյեկտներում: Հանրային սննդի օբյեկտներում մեծամասամբ երկրորդ այցի ընթացքում չի հայտնաբերվում խախտում:
Օղակաձև զբոսայգու մյուս սրճարանում ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողին իրենց գոհունակությունը հայտնեցին: Հորդորեցին՝ շտկումներն անել, շարունակել նույն տեմպով, որ բիզնեսը կորոնայի զոհը չդառնա, հաճախորդն էլ մի բաժակ սուրճն ու քաղցրը հաճույքով ճաշակի, ցանկության դեպքում՝ նորից այցելի:
Սրճարանի մենեջերը վստահեցնում է՝ տարածքը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ են ախտահանում, հետո միայն հաճախորդներին ընդունում: Քիչ չեն դեպքերը, երբ հաճախորդն է անվտանգության կանոնները խախտում: Իրենք զրուցում, բացատրում են, եթե չի ստացվում, հրաժարվում են սպասարկել.
Նարինե Ստեփանյան, սրճարանի մենեջեր - Երբեմն լինում են հաճախորդներ, որ չեն պահպանում կանոնները, բայց մենք փորձում ենք զգուշացնել մեր կողմից, քանի որ գտնվում են մեր սրճարանում, մենք ինքներս մեր սրճարանի անվտանգությունը, ամեն ինչը պահելու համար ուզում ենք, որ լինի մեր նորմերի համաձայն:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից վստահեցնում են՝ հանրային գիտակցության մեջ էական փոփոխությունը միայն մայրաքաղաքում չէ, մարզերը նույնպես զգալի առաջընթաց են գրանցել: