Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտության արդյունքները: «Կովկասյան բարոմետր» հանրային կարծիքի հետազոտությունն իրականացվում է 2004 թ.-ից: Այն տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների մասին:
«Կովկասյան բարոմետրը» տարածաշրջանային հետազոտություն է, որն իրականացվում է Հարավային Կովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ծրագիրը նպատակ ունի ուսումնասիրել տարածաշրջանում սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքը: Հարցման առաջին ալիքն իրականացվել է 2004 թ.՝ երեք երկրների մայրաքաղաքներում: 2006 թ.-ից հետազոտությունն ընդգրկում է ինչպես մայրաքաղաքները, այնպես էլ այլ քաղաքային և գյուղական բնակավայրերը: 2015 թ.-ից հետո «Կովկասյան բարոմետրն» իրականացվել է միայն Հայաստանում և Վրաստանում»,- ասել է ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշել է, որ տեղեկատվական դարում շատ կարևոր է փաստերի և հավաստի տեղեկատվության հավաքումը։ Պատահական չէ, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է փաստահենք քաղաքականության մշակումը։
«Հատկապես կարևորում եմ կենտրոնի այս հետազոտությունը, որովհետև այն կապված է մեր երկրում կայացած կարևոր իրադարձությունների հետ։ Ուսումնասիրվել են քաղաքացիների կարծիքը, հասարակական դիտարկումները, մտահոգություններն են վերհանվել, ինչը նշանակում է, որ կենտրոնը հետևողական է արդի հիմնախնդիրների վերհանմանը, ձեռքը պահում է հասարակության զարկերակին»,- ասել է Բաթոյանը։
«Կովկասյան բարոմետրին» աջակցող Ժողովրդագրության ազգային հիմնադրամի ծրագրերի ղեկավար Էլսփեթ Սադըրսը կարևորել է օբյեկտիվ տվյալների առկայությունը, որպեսզի հասարակական կազմակերպությունները, Հայաստանի Կառավարությունը կարողանան կայացնել տվյալահենք որոշումներ։
«Դժվար է թերագնահատել «Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքում ձևավորված տվյալների բազայի դերը մեր՝ հետազոտողներիս կողմից կատարվող հետազոտական աշխատանքներում։ «Կովկասյան բարոմետրի» տվյալների բազան շատ եզակի և յուրահատուկ է իր մեջ պարունակող ինֆորմացիայի տեսանկյունից, և հնարավորություն է ստեղծում հետազոտել հարցեր, որոնց պատասխանները հետաքրքիր են ոչ միայն հայաստանյան կամ կովկասյան, այլ նաև ավելի լայն՝ միջազգային համատեքստում»,- ասել է Քուրթինի համալսարանի ասոցացված պրոֆեսոր Աստղիկ Մավիսակալյանը։
Ըստ հետազոտության՝ հայաստանցիները փոխել են Հայաստանի ժողովրդավար լինելու մասին իրենց կարծիքը։ Եթե 2017 թ. հարցման մասնակիցների միայն 53%-ն էր Հայաստանը համարում ժողովրդավարական երկիր, ապա 2019 թ. 85%-ն է այդպես կարծում։ 2019 թ. hարցման մասնակիցների 80%-ը կարծում է, որ Հայաստանում ի վերջո ամեն ինչ լավ կլինի, մինչդեռ 2017 թ. միայն 47%-ն էր այդպես կարծում։