Շարունակելով աշխատանքը մեր միջազգային գործընկերների հետ՝ քիչ առաջ հերթական նամակներով եմ դիմել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 55 պատվիրակությունների անդամ պատգամավորներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Փաստական ապացույցներ եմ ներկայացրել հուլիսի 12-ից Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիային նախորդած հայտարարությունների վերաբերյալ՝ ցույց տալով Ադրբեջանի իրական մտադրությունները և ծրագրերը։
Նշել եմ, որ հուլիսի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Աշոտ Միքայելյանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների մասին։
Իմ գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և հայտարարությունների վրա։
Բացի պաշտոնական նամակագրությունից, պարբերաբար հեռախոսազրույցներ եմ ունենում մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները»,- գրել է նա։