Հայաստանի և Ղազախստանի միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների համաձայնագիրը կարող է վերջ դնել մենաշնորհին, որը տարիներ շարունակ գործել է վառելիքի ներկրման շուկայում: Ներկայումս Հայաստանը նավթամթերք է գնում միայն Ռուսաստանից:
Հակոբ Վարդանյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ - Մեր համաձայնագիրը միայն Ռուսաստանի հետ էր նախկինում` ներմուծողներին թողնելով մեկ ներկրման աղբյուր: Կարծում եմ, սա այլընտրանք կլինի:
Ներմուծվող վառելիքի գրեթե ամբողջ ծավալը բաժին է հասնում «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությանը: Նման իրավիճակ էր ստեղծվել, առաջին հերթին, նախահայտարարագրման համակարգի պատճառով: ԵԱՏՄ շրջանակում վառելիք ներկրող երկրները նախապես կազմում են հայտարարագիր՝ ներկայացնելով առանց մաքսատուրքի գնվող վառելիքի ծավալը: Հետագայում ընկերությունները ներկայացնում են նախահայտարարագրեր՝ այդ ծավալը լրացնելու համար: Գրեթե ամբողջ քվոտան մշտապես բաժին է հասել «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությանը: Շուտով այդ համակարգն այլև չի գործի:
Հակոբ Վարդանյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ - Այլևս որևէ մեկը չի կարող գնալ և չի կարող նախահայտարարագրել և ռեզերվ անել այդ ամբողջ քանակությունը:
Շուկան ազատականացնելու կառավարության երկրորդ քայլը՝ Ղազախստանի հետ համաձայնագիրն էր: Այն գործադիրը հաստատեց շաբաթներ առաջ: Փաստաթուղթը ենթադրում է յուրաքանչյուր տեսակի նավթամթերքի ներկրում առանց մաքսատուրքի՝ բացառությամբ նավթի: Համաձայնագիրը կազդի վառելիքի հայաստանյան շուկայի վրա, վստահեցնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:
Հայաստանում վառելիքի գները վերջին ամիսներին նվազել են. պատճառը նավթամթերքի համաշխարհային գնանկումն է: