Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների և, ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Մասնավորապես, մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներից և կարևորել ռեստորանային ոլորտում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունը: Նրանց խոսքով՝ այն կօգնի, որպեսզի ոլորտը ճգնաժամից դուրս գա նվազագույն կորուստներով:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ Կառավարությունում արդեն իսկ քննարկվել է այդ հարցը, և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախագծով նախատեսվող օժանդակության մեխանիզմների վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել Կառավարության հաստատմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծառայությունների մատուցման ոլորտի շարունակական զարգացման անհրաժեշտությունը և հորդորել բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորաններ և սրճարաններ հիմնելու նախաձեռնություններով, ինչը կարևոր նշանակություն ունի նաև համայնքներում մթնոլորտի բարելավման հարցում: