ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետությունում իրականացվող վերահսկողության հետևողական գործողություններն արձանագրում են շոշափելի դրական արդյունք. սննդի շղթայի տնտեսավարողների մոտ խախտումներ հանդիպում են հազվադեպ, այն էլ՝ միայն որպես տվյալ պահի անուշադրության հետևանք:
Այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները մշտադիտարկում և կրկնայցեր են անցկացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող օղակաձև զբոսայգու բացօթյա սրճարաններում: Արդյունքները գոհացուցիչ են. խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ հանրային սննդի օբյեկտում, որտեղ աշխատակիցն առանց դիմակի է եղել և բացակայել է փակվող աղբամանը՝ նախատեսված օգտագործված դիմակների համար: Կազմվել է արձանագրություն, որի հիմքով պարետատունը կորոշի անխուսափելի վարչական պատասխանատվության միջոցը:
Տնտեսավարողների բարեխղճության ու զգոնության աճի մասին է վկայում նաև կասեցումների քանակի կրճատումը. այսօր, ՀՀ պարետի երկու որոշումների հիման վրա՝ կասեցվել է մոտ մեկ տասնյակ կազմակերպության գործունեություն:
Ողջունելով տնտեսավարողների պատասխանատու վերաբերմունքը՝ այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը. վերահսկող մարմնը շարունակելու է կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ստուգայցերը հանրապետության ողջ տարածքում: