Չինաստանը պետք է պատասխան տա ողջ աշխարհում կորոնավիրուսը տարածելու համար, քանի որ համավարակն սկսվել է այդ երկրի մեղավորությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Սպիտակ տանը տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Ուզում եմ, որ իմ ժողովուրդը լավ ապրի, քանի որ նրանք մեղավոր չեն, որ Չինաստանը բերեց համավարակը: Դա միայն Չինաստանի մեղքով է և հենց նրանք պետք է պատասխան տան: Եվ, հնարավոր է, դա տեղի կունենա»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն` ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 17 միլիոնը: Ապաքինվել է ավելի քան 11 միլիոն մարդ, մահացել շուրջ 680 000-ը: ԱՄՆ-ն վարակվածների և մահացության ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է: