Որոնք են այսօր Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրները՝ քաղաքացիներից փորձել է ճշտել հարցումներ անցկացրած «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտությունը: Ըստ դրա՝ գործազրկությունը ներկայումս Հայաստանի ամենակարևոր խնդիրն է: Այդպես է պատասխանել հարցվածների 30%-ը: Երկրորդ խնդիրը աղքատությունն է՝ 14%, երրորդը չլուծված տարածքային խնդիրն է՝ 9%, չորրորդ խնդիրը երկրում խաղաղության պակասն է՝ 7%, հինգերորդ կարևոր խնդիրը բուժծառայությունների անմատչելիությունն է՝ 5%:
Ընկերությունը նաև հետաքրքրվել է, թե քաղաքացիները որքանով են դրական գնահատում Կառավարության իրականացրած բարեփոխումները: Եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման բարեփոխմանն ավելի շուտ դրական է արձագանքել հարցվածների 65%-ը: Դատավորների բարեվարքության ստուգմանը՝ վեթինգին, ավելի շուտ դրական է գնահատել հարցվածների 58%-ը: 45%-ը ավելի շուտ դրական է գնահատել առողջապահության պարտադիր ապահովագրումը՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով, 19%-ի համար ավելի շուտ դրական է եղել «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» համալսարանական դասընթացների դասավանդումը ընտրովի դարձնելը, իսկ 16%-ի տոկոսի համար էլ ավելի շուտ դրական է եղել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումը հանրակրթական ծրագրից: