Հուլիսի 31-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Արցախի նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին Հայաստանում Արցախի ներկայացուցչի պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն:
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգի առավել ամրապնդման կարևորությունը և այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այս առնչությամբ կողմերն ընդգծել են տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը:
Նախարար Մնացականյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր՝ բովանդակային, ռիսկերի նվազեցման, հումանիտար և այլ հարցերի շուրջ քննարկումներում:
Խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համատեքստում ԱԳ նախարարներն առաջնային են համարել խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և անվերապահ պահպանման, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հրապարակային հրաժարման և հակահայկական հռետորաբանության դադարեցման, ինչպես նաև թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրման միջոցով: