Հուլիսի 28-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնում «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիում բնակվող 34-ամյա մի տղամարդ։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։
Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու Սավոյան փողոցից։ Քրեական հետախույզները մեկնել են Սավոյան փողոց ու օպերատիվ կերպով հայտնաբերել դեպքի վայրը։ Տնակներից մեկի մոտ արնանման հետքեր կային։
Պարզվել է, որ այդ տնակում բնակվող երիտասարդն ու հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճել էին, և երիտասարդը խոհանոցային դանակով մարմնական վնասվածք էր պատճառել։ Որոշ ժամանակ անց կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող միջոցառումներով պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: