Գարնան տեղումների սակավությունը բացասաբար է ազդել Արցախի հացահատիկի բերքի վրա: Այդուամենայնիվ, ագրոկանոններով մշակողները լավ բերք են հավաքում և իրացնում տեղի ալրաղացներում: Մթերման գործընթացին հետևել է Արցախի գյուղատնտեսության նախարարը:
Վլադիմիր Պողոսյան, ալրաղացի տնօրեն - Ցորենի պրոբլեմ չկա: Հիմնականում մյուս ալրաղացներն էլ ապահովել են ցորենի մթերումը, և մենք ալյուրի խնդիր չենք ունենալու այս տարի:
Մթերման խնդիր կաթ վերամշակողներն ունեն: Սա այն դեպքում, երբ տարիներ առաջ գյուղացին ուներ կաթի իրացման խնդիր: Արցախի խոշոր գործարաններից մեկը հայաստանյան շուկայում ներկայություն է ապահովել: Տեմպերը դանդաղում են ծավալների պատճառով:
Արմո Հակոբյան, ընկերության տնօրեն - Մեր գործարանը ներկա դրությամբ ունի իրացման շուկա, սակայն կաթի պրոբլեմ ունենք: Այսինքն, ամսվա կտրվածքով այդ բացը կազմում է 50-60 տոննա կաթ:
Մինչև սեպտեմբեր Արցախի կառավարությունը կվերանայի գյուղոլորտի աջակցության կարգը: Արցախի գյուղնախարար Աշոտ Բախշիյանի խոսքով՝ պետք է թիրախային աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ավելի շատ ունեցողներին:
Աշոտ Բախշիյան, Արցախի գյուղատնտեսության նախարար - Վերանայելու ենք բոլոր գործող կարգերը՝ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Սպանդանոցային մորթն Արցախում ևս օրենքի ուժ կստանա: Նախատեսվում է 21 սպանդանոց ունենալ: Մինչև այդ կառավարությունը կաջակցի ենթակառուցվածքների ապահովմանը:
Աշոտ Բախշիյան, Արցախի գյուղատնտեսության նախարար - Կլինի լուրջ աջակցություն սպանդանոցների շինարարության, վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման, որպեսզի հետո, ինչպես ՀՀ-ում է, հայտարարենք, որ միայն թույլատրվելու է սպանդանոցային մորթը:
Արցախի Խրամորթ գյուղում խաղողի տնկարան է գործում: Ի դեպ, նմանն անգամ Հայաստանում չկա: Գինեգործ Գրիգորի Ավետիսյանն ասում է՝ ի վիճակի է ապահովել տեղի պահանջարկը: Ի դեպ, նաև արտասահմանյան սորտեր են փորձարկում:
Գրիգորի Ավետիսյան, տնկարանի պատասխանատու - Կան սորտեր եվրոպական, որ այստեղ շատ լավ են դրսևորվում, ասենք թե՝ Սիրան, Մեռլո, մենք ունենք փորձ, որ արդեն բարձր սարալանջերում կա Պինոնուար, որը շատ լավ է դրսևորվում: Համենայնդեպս, մի տարվա, երկու տարվա քիչ է, պետք է կամաց-կամաց դա փորձարկել:
Վերջին տարիներին Արցախում լայն թափ է ստացել այգեգործությունը և հատկապես նռան մշակությունը: Ավանդական ծառատեսակների կողքին Արցախի նոր այգիներից մեկում ելակի ծառ են մշակում: Երկու տարեկան տնկին աշնանը բերք է խոստանում: