ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում առանձին ենթագլխով կարևորվել է բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովումը: 1lurer.am-ի հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը կարևորեց այն, որ նոր ռազմավարությունում հստակեցվում և մեծ նշանակություն է տրվում նաև կիբեռտիրույթում իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն այսպես շատ ավելի հստակ քայլերով ու ճանապարհային քարտեզով կկարողանա դիմագրավել մարտահրավերներին:
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԲԱՑ, ՓՈԽԳՈՐԾՈՒՆԱԿ, ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՋԱՏԱԳՈՎ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Ալբերտ Ներզեթյանը 1lurer.am-ի հետ զրույցում շեշտեց, որ առաջին անգամ է ռազմավարական փաստաթղթերի մակարդակում կիբեռանվտանգության ոլորտին նման լայնածավալ անդրադարձ կատարվում: Ներզեթյանը ներկայացրեց ռազմավարության՝ կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության ենթագլխի կառուցվածքի տրամաբանությունը՝ ընդգծելով, որ նշված են ոլորտի նպատակները, կառավարման սկզբունքները, այնուհետև այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք խոչընդոտում են նշված նպատակներին հասնելուն, իսկ վերջում էլ առաջնահերթությունները, հիմնական գործողություններն են, որոնք պետք է արվեն նպատակներին հասնելու համար:
«Ռազմավարությունում հստակ նշված է ոլորտը կառավարելու՝ Հայաստանի տեսլականը: Հայաստանը բաց, փոխգործունակ, հուսալի և անվտանգ համացանցի ջատագով է: Սրա մասին խոսվում է նաև, օրինակ՝ 2019 թվականի «Freedom House»-ի հրապարակած առցանց ազատությունների զեկույցում, որտեղ Հայաստանն ութերորդ տեղում է և այնպիսի պետությունների շարքում, ինչպիսիք, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, և այլն»,-ասաց Ներզեթյանը:
ԹՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակի կարծիքով՝ ռազմավարության մեջ առաջնայինը կիբեռանվտանգության ոլորտի կառավարման քաղաքականության անկատարութան շտկումն է՝ կիբեռանվտանգության ռազմավարության մշակման և ընդունման անհրաժեշտությունն իր համապատասխան գործողություններով: Նա նաև նշեց, որ երկրորդ կարևոր առաջնահերթությունն այն է, որ հստակ նշվում է կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքների մասին օրենք մշակելու և ընդունելու անհրաժեշտությունը:
«Կիբեռանվտանգության կամ տեղեկատվական անվտանգության ոլորտն ի տարբերություն այլ ոլորտների՝ յուրահատուկ է, որովհետև կարողությունների և ռեսուրսների մեծ մասը պատկանում է մասնավոր հատվածին: Պետությունը նույնպես պետք է դերակատարում ունենա մասնավոր հատվածի կիբեռանվտանգության ապահովման գործում: Այն է՝ համապատասխան ստանդարտների սահմանումը, կարևոր ենթակառուցվածքների օպերատորների համար, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը: Երրորդ կետը կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծումն է: Վերոնշյալ օրենքը նաև պետք է հիմք հանդիսանա այդ կենտրոնի ստեղծման համար: Ինչպես Տավուշյան դեպքերը ցույց տվեցին՝ կիբեռհարձակումները հաճախ ոչ միայն թիրախավորում են պետական կայքերին կամ տեղեկատվական ռեսուրսներին, այլ նաև մասնավոր հատվածին, և պետությունն ու կենտրոնը տվյալ դեպքում պետք է համապատասխան աջակցություն ցուցաբերեն քաղաքացիական ոլորտին՝ երկրի ընդհանուր կիբեռանվտանգությունը ապահովելու համար»,-ասաց Ալբերտ Ներզեթյանը: Նա նաև շեշտեց, որ կարևոր է հասկանալ «Բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովում» ենթագլխի տրամաբանությունը, որտեղ կիբեռանվտանգությունը և մնացած ոլորտները ռազմավարությունում դիտարկվում են դիմակայունության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից:
Հայեցակարգում նաև շեշտվում է, որ կզարգանա թվային ծառայություններ մատուցողների և պետության միջև փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական դաշտը, ինչի արդյունքում կձևավորվի ոչ միայն կիբեռանվտանգության ազգային կենտրոնը, այլ նաև կստեղծվեն համակարգչային պատահարների արձագանքման խմբեր: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանն ասաց, որ ՀՀ-ում արդեն մշակվել է թվայնացման ռազմավարությունը, որն իր հերթին թվայնացման գործընթացները կարգավորող և տեսլականի, ճանապարհային քարտեզի հստակեցված փաստաթուղթն է: Փոխնախարարն ասաց, որ կան բազմաթիվ միջոցառումներ, որոնց մեջ ընդգրկված է կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ստեղծումը:
«Կիբեռանվտանգության կենտրոնի նպատակներից է լինելու այն, որպեսզի կարողանանք կենտրոնացված ձևով դիմակայել այն բոլոր հիմնական տեխնիկական կիբեռմարտահրավերներին, որոնք առաջացել են մեր իրականությունում ու կարողանանք դրանց ճիշտ կերպով դիմակայել: Կիբեռանվտանգության կենտրոնը միևնույն ժամանակ ունենալու է որոշակի ֆունկցիոնալ նշանակություն: Այն պատրաստելու է մասնագետների, որոնք կկարողանան իրենց գիտելիքով և փորձով կիբեռանվտանգության խնդիրները լուծել և տալ գրագետ ու հուսալի լուծումներ՝ ինչպես պետական համակարգում, այնպես էլ մասնավոր հատվածում»,-ասաց Ծատուրյանը:
ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Թվային գրագիտության մակարդակի բարձրացմանն անդրադառնալով՝ փոխնախարարն ընդգծեց, որ այն կարևոր հանգամանք է կիբեռանվտանգության, տեղեկատվական անվտանգության տեսանկյունից, քանի որ կիբեռտիրույթում հիմնական շրջանառվող և դեր խաղացող խաղաքարտը տեղեկատվությունն է: Նա նշեց, որ ինֆորմացիայի սխալ լինելը կարող է ունենալ տհաճ հետևանքներ: Ծատուրյանը կարևոր է համարում քաղաքացիներին ճիշտ կրթական մակարդակով ապահովելը, որպեսզի ցանցում իրենց գործունեության հետ կապված ճիշտ կողմնորոշվեն՝ ունենալով պարզագույն կիբեռգրագիտություն, կիբեռէթիկայի կանոնների տիրապետում: Պաշտոնյայի խոսքով՝ քաղաքացին իր քայլերով իրեն չպետք է հասցնի այնպիսի իրավիճակի, որպեսզի կիբեռհանցագործների համար խոցելի թիրախ դառնա:
«Գոյություն ունեն միջազգային ստանդարտներ, որոնք հստակ կարգավորում են կիբեռանվտանգության ոլորտում տեղի ունեցող գործունեությունը: Այսօր կիբեռանվտանգության ազգային կենտրոնի նպատակներից մեկը հենց լինելու է, որպեսզի այդ խնդիրը ճիշտ ձևավորվի և տեղայնացվող, մշակվող ստանդարտները լինեն համահունչ մեր իրականությանը և մեր պահանջներին: Սա է հիմնական ուղին, որով կարողանալու ենք այդ ամբողջը ճիշտ համակարգել: Ստանդարտների ի հայտ գալուց և հաստատվելուց հետո, սա միևնույն ժամանակ մասնավոր հատվածի շահերն է պաշտպանում»,-ասաց փոխնախարարը:
Ստեփան Ծատուրյանը նաև շեշտեց, որ կարևորում են կիբեռանվտանգության դերը նաև քաղաքացիների կյանքում, որպեսզի վերջիններս կիբեռտիրույթում լինեն այնքան պաշտպանված, որքան ֆիզիկապես են ապահով: Ծատուրյանն ասաց, որ դա ներառում է նաև անձնական տվյալների պաշտպանությունը, դրանց չարտոնագրված օգտագործումից խուսափելը: