Հետևելով Հանրակրթության պետական չափորոշչի և «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության ու հեղինակների ընտրության շուրջ ծավալվող հանրային տարակարծիք տրամադրություններին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանի նախաձեռնությամբ, հուլիսի 31-ին կազմակերպել է աշխատանքային հանդիպում։
Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Մայրենի», «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ծրագրերը մշակող աշխատանքային խմբի անդամները և փորձագետներ։
Քննարկվել են գործող չափորոշչի և առարկայական ծրագրերի փոփոխության անհրաժեշտության պատճառներն ու մշակվող տարբերակում տրված լուծումների, դրանց չափելիության հարցը, պարտադիր և լրացուցիչ ուսումնառվող նյութերի, գրականության, հեղինակների և ստեղծագործությունների ցանկի ընտրության մոտեցումները, դրանց նպատակահարմարության որոշարկման սկզբունքները, ազգային գրական ժառանգության, հայ դասականների ընդգրկվածության ու «հայ գրականություն» եզրույթի կիրառության շուրջ հիմնավորումները, վերջնարդյունքների վրա կառուցված և գիտելիքը կիրառելու կարողությունները զարգացնող կրթության համակարգի ներդման հետ կապված մարտահրավերները, փորձարկման ընթացակարգերը:
Անդրադարձ է կատարվել նաև ուսումնառության նյութերի, դասագրքերի, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին և գործընթացներին, դրանց ռիսկերը նվազեցնելու միջոցներին, նախադպրոցական կրթության բաղադրիչը՝ որպես հանրակրթության անբաժանելի մաս ծրագրի սկզբնական մակարդակում ընդգրկելու վերաբերյալ հարցերին, միջնակարգ կրթության երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) մասնագիտական ոլորտների վերաբերալ թեմաներ ընդգրկելու մեխանիզմներին, ինչպես նաև տվյալ ծրագրի խելամիտ համադրելիությանը քոլեջում և ուսումնարանում իրականացվող մասնագիտական մոդուլային ծրագրերի հետ և այլն։
Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն վերջնական լրամշակման փուլում ևս անդրադառնալ ձևակերպված լուծումներին։ Անդրադառնալով հանդիպմանը՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հույս է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել հզոր ազգային դպրոցի ու միջազգային կրթական տարածքում մրցունակ երիտասարդության կայացմանը։