Հուլիսի 30-ին Վիեննայում, Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում ներառվել էր Ադրբեջանի կողմից ատելության հենքով հանցագործությունների խրախուսման վերաբերյալ հարցը։
Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, ներկայացնելով ԵԱՀԿ մասնակից երկրներում և այլուր հայերի և հայկական համայնքների անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները, որոշ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքի խափանման և վերջիններիս ունեցվածքի միտումնավոր ոչնչացման դեպքերը, նշեց, որ դրանք ադրբեջանցիների որոշ խմբերի կողմից իրագործված էթնիկ պատկանելության հիմքով ատելության հանցագործություններ են՝ ազգությամբ հայերին, հայկական համայնքային կառույցների անդամներին ահաբեկելու և հետապնդելու նպատակով։
Այնուհետև դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ ադրբեջանցիների այդ խմբերի ագրեսիվ գործողությունները կազմակերպվել և ուղղորդվել են այդ երկրներում Ադրբեջանի դեսպանությունների կողմից։ Ավելին՝ հայկական կողմի ունեցած ապացույցները վկայում են, որ առնվազն մեկ դեպքում այդ գործողությունների կազմակերպմանն աջակցել է նաև Թուրքիայի դեսպանությունը։
Դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ տարբեր երկրներում հայերի հանդեպ բռնությունները, լինելով կարծես թե նոր երևույթ, այնուամենայնիվ շարունակությունն են հակահայկական ատելության քարոզչության, որին ադրբեջանական հասարակությունը ենթարկվել է տասնամյակներով։ Այս առումով Հայաստանի Մշտական ներկայացուցիչը նշեց, որ վարվող հայատյացության քաղաքականությունը, ուղղված Ադրբեջանի բնակչության մոտ հայերի հանդեպ ատելություն և անհանդուրժողականություն արմատավորելուն, վարվում է պետական ամենաբարձր մակարդակով։
Դեսպան Պապիկյանը այնուհետև նշեց, որ Հայաստանը մշտապես միջազգային իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը և քարոզչությանը՝ զգուշացնելով որ հայատյացության նման բարձր մակարդակի պարագայում այն հեշտությամբ կարող է տեղափոխվել այլ երկրների տարածք, ինչին և ականատես ենք լինում այսօր։ «Մենք համոզված ենք, որ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը, ինչը հավասարազոր է Ադրբեջանի և նրա բռնապետական իշխանությունների վարքագծի հանդեպ թողտվության, էլ ավելի է խրախուսում այդ երկիրը կառավարող ռեժիմին շարունակել հայատյացության քարոզչությունը»։
Իր ելույթում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խստորեն դատապարտեց տարբեր երկրներում հայերի դեմ ուղղված բռնությունները, որոնք Բաքվի անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորումն է և համահունչ է երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակումների թշնամանք հրահրելու Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությանը և հռետորաբանությանը։