2018-ի հուլիսին Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի կողմից «Օլիմպավանում» ծեծի ենթարկված Վյաչեսլավ Հարությունովը պատրաստվում է աղմկահարույց բացահայտումներ անել։ Այսօր «Լուրերի» հետ զրույցում 52-ամյա տղամարդը պատմեց՝ պատահական չէր, որ միջադեպից հետո հայտարարեց ծեծվելու մասին, բայց շատ չանցած կտրուկ փոխեց իր ցուցմունքն ու վնասվածքները պատճառաբանեց սայթաքել, ընկնելով։ Հարությունովը բացում է փակագծերը՝ իր, Գագիկ Ծառուկյանի ու Էդուարդ Բաբայանի միջև եղել է հստակ պայմանավորվածություն։
Սուտ ցուցմունք տալու համար Հարությունովն այսօր տուժողից դարձել է մեղադրալ։ Ու թեև դատարանը Բաբայանին էլ է մեղավոր ճանաչել, բայց չի անտեսել այն հանգամանքը, որ նախաքննության ու դատաքննության փուլում Հարությունովը կեղծ տեղեկություններ է հայտնել։ Ամբաստանյալի աթոռին հայտնված տղամարդուն այժմ սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում։ Դեպքի մանրամասներից նա առայժմ շատ չի խոսում, ասում է՝ ամեն ինչ կպատմի դատարանում։
Մինչև Էդաուրդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելը, դեպքի օրը, ըստ գործի նյութերի, Հարությունովը «Օլիմպավանում» մոտեցել էր ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին ու նրան հիշեցրել էր ավելի վաղ իրեն տրված խոստման մասին՝ օգնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն իր որդուն զինվորական ծառայությունից ազատելու հարցում: Ամբաստանյալի փաստաբանն այսօր նշեց՝ միջնորդելու են, որ դատարան հրավիրվեն թե Բաբայանը, թե Ծառուկյանը։ Ըստ պաշտպանի՝ հարցերը շատ են, խոստացված բացահայտումները նաև Ծառուկյանին են վերաբերում։
Ու մինչև դատարանում դեմ առ դեմ կհանդիպեն ծեծողն ու ծեծվողը, Հարությունովն այս ընթացքում ցանկացել է հանդիպել նաև Ծառուկյանի հետ։ Չստացվեց, ԲՀԿ առաջնորդը կորոնավիրուսով հիվանդացավ, ասում է նա։
Էդուարդ Բաբայանի հետ կապ հաստատել այսօր չստացվեց, բայց ԲՀԿ-ական պատգամավոր, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Լուրերի» հետ զրույցում նշեց՝ որևէ պայմանավորվածության մասին որևէ տեղեկություն չունի։ Ասաց՝ արդեն չի զարմանում Հարությունովի իրարամերժ ցուցմունքներից։
Հարությունովի գործով առաջին դատական նիստն այսօր չկայացավ, նախագահողը մասնակցում էր դատավորների ընդհանուր ժողովին։ Ամբաստանյալն ու իր պաշտպանը, սակայն, վճռական են տրամադրված, ընդգծում են՝ դատական գործընթացը ջրի երես կհանի ամբողջ ճշմարտությունը։