Հուլիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին: Ընդ որում, կատարվել է «Արմավիր» ՔԿՀ-ին վերաբերող կոնկրետ խնդիրների, ինչպես նաև այնպիսի խնդիրների ուսումնասիրություն, որոնք ունեն համակարգային բնույթ:
Ըստ այդմ, այցի և ուսումնասիրությունների արդյունքներով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
• Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում առկա չեն նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր՝ գործառույթների հստակ տարանջատմամբ.
• քրեակատարողական ծառայողների համար առկա չեն նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում նրանց աշխատանքին վերաբերող վերապատրաստման դասընթացներ.
• նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նկատառումով խցերի մաքրման աշխատանքների համար ազատությունից զրկված անձանց չեն տրամադրվում հատուկ ախտահանիչ միջոցներ և պարագաներ ու առկա չեն նաև նրանց կողմից այդ միջոցներից կամ պարագաներից օգտվելու պրակտիկայում գործող սկզբունքներ կամ կանոններ.
• քրեակատարողական հիմնարկում առկա չէ օդափոխության ընդհանուր համակարգ, որն ունի համակարգային խնդիր, և Մարդու իրավունքների պաշտպանն այն բարձրացնում է տարիներ շարունակ.
• քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման տարածքներում, ինչպես նաև պատժախցերում ու կարանտինային բաժանմունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ.
• պատշաճ չի կազմակերպվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը. առկա են բժշկական փաստաթղթերի վարման խնդիրներ (օրինակ՝ չեն վարվում հիվանդության պատմագրերը, իսկ բժշկական քարտերը, բժշկական մատյանները և այլ փաստաթղթեր վարվում են թերություններով և այլն).
• արձանագրվել են բժշկական գաղտնիքի պահպանմանն առնչվող լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ դեղորայք տրամադրելիս, բժշկական զննություն իրականացնելիս և այլ բժշկական միջամտություններին ներկա են լինում քրեակատարողական ծառայողներ. չի գործում կանխավարկածն այն մասին, որ քրեակատարողական ծառայողը կարող է բժշկական միջամտություններին ներկա լինել միայն բժշկի պահանջով՝ այն էլ բացառիկ դեպքերում ու միայն տեսողական դիտարկման համար.
• «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանումը ոչ ամբողջական է համալրված անհրաժեշտ դեղերով և այլ բժշկական պարագաներով.
• արձանագրվել են այնպիսի գերատեսչական հակասություններ, որոնց պատճառով խնդիրներ են առաջանում դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան և դատարանից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում.
• առկա են ազատությունից զրկված անձանց քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ուղեկցողների և տրանսպորտային միջոցների սակավությամբ.
• տեղաշարժման դժվարություններ ունեցող ազատությունից զրկվածները բախվում են դատական նիստերին տեղափոխման խնդիրների, քանի որ տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն.
• բարելավման կարիք ունեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ.
• քրեակատարողական հիմնարկում շարունակում է առկա լինել հաստիքների համալրման խնդիրը. այցի պահին հոգեբանի 2 հաստիքներն էլ թափուր են եղել և այլն:
Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝
• նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ազատությունից զրկված անձանց կրթական միջոցառումները և դասընթացները կազմակերպվել են առցանց եղանակով.
• ազատությունից զրկված անձինք գոհունակություն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի, քանակի և բազմազանության կապակցությամբ.
• ավելացել է տեսազանգից օգտվող ազատությունից զրկված անձի թիվը (թեև ազատությունից զրկված որոշ անձինք շարունակում են անտեղյակ լինել տեսազանգից օգտվելու հնարավորության մասին):
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ:
Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, բժշկական սպասարկման և առհասարակ քրեակատարողական ծառայողների հաստիքների բավարարությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:
Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Մշտադիտարկման այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս, և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: