Կառավարությունը քննարկեց կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին հարցը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ խոսքն այն գործարքների մասին է, որոնցով կառուցապատողների հետ կնքված պայմանագրերի շրջանակում գնորդները կատարել են վճարումներ, բայց կառուցապատման գործընթացի ընթացքում կառուցապատողը սնանկ է ճանաչվել, և այլ կառուցապատող աճուրդով ձեռք է բերել կառուցապատումը շարունակելու և գործընթացն ավարտելու իրավունքը:
«Մի կողմից՝ կա բարեխիղճ գնորդ, որը կատարել է մասնակի վճարում, մյուս կողմից՝ կա կառուցապատման իրավունք ձեռք բերած բարեխիղճ տնտեսավարող, որը պետք է շարունակի ծրագիրն ու ավարտին հասցնի: Բայց կա նաև խնդիր մինչ այդ կատարված վճարումների և ընդհանրապես գործարքի գնի հետ: Առաջարկվող նախագծով հնարավորություն կտրվի շուկայականից ցածր կամ Հարկային օրենսգրքով ընդհանուր կարգավորումներից տարբերվող մոտեցմամբ գործարքը շուկայականից ցածր գնով ճանաչել և հնարավորություն տալ, որ խնդիրը դուրս գա փակուղուց, ու կառուցապատումն ավարտվի»,- նշեց Ջանջուղազյանը:
Նախարարը հավելեց՝ խոսքը մինչև 2015-ի հունվարի 1-ը կնքված գործարքներին է վերաբերում, որովհետև դրանից հետո փոխված օրենսդրությունն այդ ռիսկը կանխարգելել է, այսինքն՝ դրանից հետո այսպիսի իրավիճակ չէր կարող լինել: