Կառավարության առաջադրած Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն «Իմ քայլը» խմբակցության հետ ավելի քան երեք ժամ տևած փակ քննարկումից հետո հայտարարեց՝ չի պատրաստվում արդարացնել Հայաստանի դատական համակարգի խնդիրները, նաև չի պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը:
Ավետիսյանի արձագանքը պատասխանն է իր թեկնածության առաջադրումից հետո հնչած քննադատություններին և մեղադրանքներին: Դատավորի թեկնածուին ուղղված ամենասուր քննադատություններն առնչվում են իր հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությանը: Նա 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել Մարտի 1-ին առնչվող գործեր:
ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյան - Ես հասկանում եմ սուբյեկտների մտահոգությունները, բայց նաև չեմ կիսում այն։ Ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են և առնչություն են ունեցել գործերին։ Իմ հայրն արդեն 5 տարի թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը Սահմանադրական դատարանում՝ իմ գործունեության վրա:
Մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Մարտի մեկի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչներ կոչ են արել հետ կանչել նրա թեկնածությունը: Ինքը՝ Ավետիսյանը, որևէ բան չբառացելով այդուհանդերձ ասաց՝ թեկնածությունից հրաժարվելու հիմք դեռ չի տեսնում:
«Սպասենք իրադարձությունների զարգացմանը, տեսնենք, թե հանրային կարծիքի, պատգամավորների կարծիքի տեսանկյունից ինչ զարգացումներ տեղի կունենան և, ըստ այդմ, կկողմնորոշվենք, թե հետագա քայլերն ինչպիսին կլինեն»,- ասաց նա:
Մարտի մեկի արյունալի դեպքերի առնչությամբ Ավետիսյանը որևէ կարծիք չցանկացավ հայտնել. ասաց` սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն պետք է ենթարկվի այն կանոններին, որոնք սահմանված են բարձր ատյանի դատավորի համար:
Իշխանական պատգամավորներն, ըստ Ավետիսյանի, հանդիմանը տվել են այն բոլոր հարցերը, որոնց հետ կապված այս օրերին հնչել են մտահոգություններ: Ավետիսյանը նաև նկատեց՝ որոշ պատգամավորների հարցերից զգացել է անվստահություն իր նկատմամբ, դժվարանում է ասել՝ ի վերջո կընտրե՞ն իրեն դատավոր, թե՞ ոչ:
Թե կոնկրետ ով է առաջարկել իր թեկնածությունը, ՍԴ դատավորի թեկնածուն փակագծերը չբացեց, միայն ասաց` կառավարությունը: Ավետիսյանը կհանդիպի նաև խորհրդանշական մյուս խմբակցությունների հետ: