ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ շուրջ երեք ժամ ընթացած քննարկման ժամանակ պատգամավորները հասցրել են տալ բոլոր հետաքրքրող հարցերը: ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ իր տված պատասխանները կօգնեն պատգամավորիներին կազմել մոտեցում հետագա գործընթացների ու զարգացումների մասին:
Հարցին, որ հայրը եղել է դատավոր «Մարտի 1-ի» գործով և տուժողների իրավահաջորդները մտավախություն ունեն Ավետիսյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հավանականության շուրջ, թեկնածուն նշեց, որ չի պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանում առկա դատական խնդիրներն ու չի պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի նոխազը:
«Հորս հետ կապված նշեմ, որ անհրաժեշտ է հստակ պարզել դատարանի գործառույթը, արդյո՞ք Վճռաբեկ դատարանը գործը քննող դատարան է, թե ոչ: Արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին: Իմ հայրն արդեն շուրջ 5 տարի է՝ թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր ու իր հոր հետ կապված որևէ վեճ հասնի Սահմանադրական դատարան, ապա «ՍԴ մասին» օրենքը հստակ հարաբերությունները կարգավորում է: Շահերի բախման դեպքում դա հանդիսանում է տվյալ գործով անհամատեղելիության հիմք և միջնորդավորված էլ չի կարող մասնակցել:
Ավետիսյանը նշեց, որ այս պահին իր թեկնածության առաջադրումից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում ու խորհուրդ տվեց սպասել իրադարձությունների զարգացմանը:
Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ 2008-ին դատախազությունում աշխատանքի անցնելուց հետո է շփվել, որը եղել է շատ կարճ ժամանակահատված՝ նշեց ՍԴ թեկնածուն: