Կառավարության նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով 24 անձանց բացառության կարգով բնակարանային աջակցություն կտրամադրվի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, որ 2019 թ. նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ մեկնարկել էր ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովման ծրագիրը, որի շրջանակում 300 շրջանավարտի նախատեսվել էր բնակարան տրամադրել: Բաթոյանը հայտնենց, որ արդեն տրամադրվել է 133 շրջանավարտի, 22-ի դեպքում դեռ քննվում է:
«Փորձը ցույց տվեց, որ մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք 130 մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին: Պետք է 18 տարին լրանալուն պես սանը դուրս գրվի մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսանա, սեփականության վկայական չունենա և վերջին 5 տարվա ընթացքում օտարած չլինի բնակարան: Մեզ դիմում են նաև քաղաքացիներ, որոնք խնամվել են մանկատանը և փաստացի իրավական ակտի չափանիշներին չեն համապատասխանում, սակայն նույն կարգավիճակում են հայտնվել, որովհետև տեղափոխվել են այլ հաստատություն, կամ հաստատությունն է փոխել կարգավիճակը և դարձել է, օրինակ՝ շուրջօրյա գիշերօթիկ հաստատություն կամ գիշերօթիկ դպրոց, բայց գրեթե նույն ֆունկցիան է իրականացրել»,- ասաց նախարարը:
Քննելով այդ գործերը՝ նախատեսվել է, որ այդ 24 անձանց բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագիր կտրամադրվի, թեև իրավական տեսանկյունից նրանք չեն համապատասխանում չափանիշներին, բայց փաստացի գտնվում են նույն սոցիալական կարգավիճակում: