Կառավարությունը պահուստային ֆոնդից 78 մլն 300 հազար դրամ է տրամադրել հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստառադիոընկերություններին՝ որպես միանվագ ֆինանսական աջակցություն:
Համավարակի հենց սկզբից հեռարձակողները կամավոր ներգրավել են Covid-19 հիվանդության համավարակը կանխելու հանրային իրազեկման աշխատանքներին: Նաև պատրաստել են հիվանդության կանխարգելման, համաճարակի պայմաններում առողջապահական կանոնների պահպանման, տնտեսական ու սոցիալական աջակցության ծրագրերի մասին իրազեկող տեսալսողական հոլովակներ։
Կառավարությունն այսկերպ աջակցել է կորոնավիրուսի հետևանքով հեռարձակողների ֆինանսական խնդիրները մեղմելուն, քանի որ տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են նրանց գովազդային եկամուտները:
Եվ նրանցից շատերն այս ընթացքում չեն կարողացել մարել Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի ծառայությունների դիմաց կուտակած պարտքերը:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆինանսական աջակցությունը հեռուստաաշտարակի պարտքերի մի մասը մարելու համար է:
Գումարների բաշխումն արվել է հավասարաչափ՝ հանրապետական սփռում ունեցող հեռարձակողները ստացել են ավելի շատ, քան մայրաքաղաքային և մարզային սփռում ունեցողները:
Արմենիան, Շանթը, Հ2-ը, Երկիր Մեդիան, Կենտրոնը յուրաքանչյուրը կստանան 10 մլն դրամ, ԱՐ, Արմնյուզ, Նոր Հայաստան, 5-րդ ալիք, Դար 21, Ա-թի-վի հեռուստաընկերությունները յուրաքանչյուրը 2,5 մլն դրամ:
Մարզային հեռուստաընկերությունները կստանան 500 հազար դրամ և 300 հազար դրամ: Ռադիոընկերություններից յուրաքանչյուրը ըստ սփռման ծածկույթի կստանա 250-500 հազար դրամի ֆինանսական աջակցություն: