«Սիմոնյան» կրթական հիմնադրամը դիմել է ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարություններ՝ Բերդի ավագ դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքից 270 քմ մակերեսով հողամասը «Թումո» շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն՝ տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար՝ ներկայացնելով որոշման նախագիծը՝ Կառավարության նիստին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հավելեց՝ նախագիծը շատ կարևոր է, որի շրջանակում շարժական կենտրոնների միջոցով «Թումոն» կիրականացնի դասընթացների այն հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում: Նաև որոշ ժամանակով այդ տարածքները կարող են տրամադրվել ուսուցիչների վերապատրաստման համար:
«Սա առաջինն է նման պրոյեկտի մեջ, բայց «Թումոն» նախատեսում է, որ դրանք տարբեր մարզերում իրականացվելու են, շարժական են, և մի վայրում արդյունավետությունը սպառելու դեպքում կարող են տեղափխվել այլ համայնքներ և այնտեղ իրականացնել աշխատանքներ»,- նշեց Հարությունյանը:
Վարչապետը հավելեց՝ նախագիծը կարևոր է հատկապես հիմա, երբ քննարկվում է սահմանապահ համայնքների զարգացման ռազմավարությունը, բայց պետք է արձանագրել, որ բոլոր ռազմավարությունների հիմքում պարտադիր է կրթական բաղադրիչը, առանց դրա որևէ նախագիծ չի կարող հաջողել: