Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ։ 10 օրում նվիրաբերված այս թիվն ավելին է, քան վերջին 3 տարիների բոլոր նվիրաբերությունները միասին վերցված (2017, 2018, 2019 թվականներին նվիրաբերությունները կազմել էին 308 միլիոն դրամ)։ Ավելի ոգևորիչ է, որ աճել են արտերկրից կատարված նվիրաբերությունները։
Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին և կոչ եմ անում շարունակել իրենց ներդրումն ունենալ այս հիմնադրամում՝ ի շահ մեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների:
Ի վերջո մենք ցանկանում ենք հասնել կարևորագույն մի նպատակի՝ հատուցել Արցախյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Վստահեցնում եմ նաև, որ Կառավարությունն իր հերթին արել և անելու է հնարավոր ամեն ինչ՝ մեր զինծառայողների թիկունքն ամուր ու անխոցելի դարձնելու համար»,- գրել է վարչապետը: