Անկախ և արդյունավետ դատական համակարգի կայացումը ռազմավարական նշանակություն ունի արդարության հաստատման և ժողովրդավարության ամրապնդման համար: Ազգային անվտանգության ռազմավարության կարևոր շեշտադրումներից է: Տնտեսության ու պետության երաշխավորն անկախ, արդար և արդյուանվետ դատարան ունենալն է,- վերահաստատում է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Հայկ Հովհաննիսյան, ԲԴԽ անդամ - Արդարադատությունը և դատարաններն առաջնագիծ են ու այստեղ մեզ պետք են լինելու անձնվեր բանիմաց մարտիկներ: Մենք ստեղծելու ենք միջավայր, որ ի հայտ գան կասկածելի անցյալ ունեցող գործընկերներն ու մենք նրանց բացահայտելով՝ հեռացնելու ենք ճանապարհից:
Արդարությունը մարդու կարևորագույն պահանջներից է. ապրել արդար հասարակության մեջ, իսկ դա նշանակում է՝ հավասարություն օրենքի առջև: Հավասարությունն Ազգային անվտանգության ռազմավարությունում նշված է ազգային նպատակաների ցանկում: Դրա համար պետք է համարժեք կրթված դատավորների անմնացորդ նվիրում:
Դատական համակարգում անհրաժեշտ են նաև տեխնիկական փոփոխություններ: Պետք է բեռնաթափել դատական համակարգը՝ դատավորների ամբողջ աշխատաժամերը կենտրոնացնելով բովանդակության վրա:
Հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին 4 տարվա՝ մտավոր սեփականության հետ կապված վեճերի լուծման ժամկետը միայն առաջին ատյանի դատարանում միջինը 532 կամ 487, ամենաքիչը՝ 187 օր է։
2015-2018 թթ-ի ավարտված գործերի պահանջի բնույթը ցույց է տալիս, որ դատավորների աշխատաժամի մոտ 90 տոկոսը զբաղված է եղել բռնագանձմամբ: Մինչդեռ պետբյուջեից տարեկան 12 մլրդ դրամ է հատկացվում, որ դատարանները զբաղվեն բռնագանձմամբ։ Վեճերի ժամկետը երկարում է, վճիռների որակն՝ ընկնում։ Հովհանիսյանն այս իրավիճակը բնութագրում է՝ անընդունելի և պնդում՝ ներկա պայմաններում իրատեսական չէ որակյալ արդարատության ակնկալիքը:
Բարձրագույն դատական խորհուրդը մշակում է դատավորներին մինչև 2 միլիոն դրամի վճարային պարտավորությունների հետ կապված գործընթացների բեռից ազատելու մեխանիզմ՝ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ: