Հուլիսի 30-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը: ՀՖՖ գործկոմը քվեարկել է վետերան և գործող ֆուտբոլիստների աջակցության ժամանակավոր կոմիտեի ստեղծման օգտին:
Այնուհետև, ՀՖՖ գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ պրոֆեսիոնալ մրցումների (2020-21 մրցաշրջան) կազմակերպման կանոնակարգը և ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգը):
Նիստի վերջում քննարկվել է Հայաստանի բարձրագույն խմբի 2020/2021 առաջնության մասնակիցների հաստատման հարցը: Հաշվի առնելով, որ ՀՖՖ բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվել է թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում: