Սահմանամերձ Բերդում կկառուցվի «Թումո» շարժական կենտրոն: Գործադիրը որոշեց անհատույց հողամաս տրամադրել:
Սուրեն Պապիկյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար - Առաջարկվում է Տավուշի մարզ, քաղաք Բերդ, Հայ Նահապետի փողոց 22/1 հասցեի անշարժ գույքից 0,03 հա հողամասը վերցնել ավագ դպրոցից և տրամադրել Սիմոնյան հիմնադրամին` «Թումոյի» համար:
Առաջարկն ընդունվեց: Կարևորելով նախագիծը՝ Կրթական գերատեսչության ղեկավարն ընդգծեց՝ կա նախնական պայմանավորվածություն, որ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստման համար:
Արայիկ Հարությունյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար - Սա առաջինն է նման պրոյեկտի մեջ, բայց «Թումոն» նախատեսում է, որ դրանք տարբեր մարզերում իրականացվելու են։ Շարժական են և մեկ վայրում արդյունավետությունն սպառելուց հետո կարող են տեղափոխվել նաև այլ համայնքներ:
Դա կլինի սահմանամերձ գոտում կառուցվող երկրորդ «Թումոն», 1-ինը Կողբում է: Վարչապետը հիշեցրեց՝ սահմանամերձ համայնքների զարգացման ռազմավարության հիմքում կարևոր, առանցքային կրթական բաղադրիչի մասին:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից է բխում, որ առողջապահական, կրթական ենթակառուցվածքները կենտրոնացած չլինեն Երևանում, նաև հիվանդանոցներ ենք կառուցում:
Կառավարության որոշմամբ, կփոխհատուցվեն նաև սոցբնակարանային ֆոնդի կացարաններում ապրող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վարձերը: Այդտեղ ապրող 250 անձից 74-ն այժմ միայնակ են: Ամեն տարվա համար փոխհատուցման չափը կսահմանի կառավարությունը:
Զարուհի Բաթոյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար - 2020-ին յուրաքանչյուր շահառուի համար տարեկան գումարը կազմում է 144 հազար դրամ, որն անկանխիկ եղանակով կխոփանցվի հաշվեհամարին:
Երևանի Օրբելի 23 հասցեի՝ պետական սեփականության ավելի քան ինը հազար ք/մ մակերեսով շինություններն ու հողամասը կօտարվեն մրցույթով: Կներկայացվի աճուրդի՝ հյուրանոց կառուցելու համար: Ներդրողները կներկայացնեն առաջարկներ, ապա կլինի մրցույթ: Օտարվելու է ոչ միայն արդեն մի քանի տարի չգործող հոսպիտալի շենքը, այլև 2013-ից կից գտնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» շենքը։
Սուրեն Պապիկյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար - Գույքը գնահատվում է մոտ 7 մլրդ 716 մլն 165 հազար 647 դրամ, դրան գումարած` 837 մլն 299 հազար 93 դրամ հողամասային կադաստրային արժեքը: Հրավիրում եմ բոլորի ուշադրությունը, Երևան քաղաքի Կենտրոնում՝ Օրբելի փողոցի վրա, հյուրանոցային համալիր կառուցելու հնարավորություն է ստեղծվում:
Կառավարությունը որոշեց նաև մանկատան 24 սանի, բացառության սկզբունքով, տրամադրել բնակարանի գնման վկայագիր:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մանկատան սաների առաջ պետության ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթականը:
Նրանք, ըստ վարչապետի, պետք է ստանան այնպիսի կրթություն, որը կապահովի սեփական բարեկեցությունն աշխատանքով կառուցելու հնարավորություն և մանկատնից դուրս գալուց հետո չեն հայտնվի կյանքի փակուղում: