«Հայոց պատմության», «Համաշխարհային պատմության» ու «Հայոց եկեղեցու պատմության» դպրոցական ծրագրերը լրամշակվում են: Կրթության նոր չափորոշիչներով չեն լինի «Հայրենագիտության» ու «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերը, փոխարենը դպրոցներում կդասավանդվեն «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» նոր առարկաներ:
Լիլիթ Մկրտչյան, ԵՊՀ դասախոս - Ինտեգրված առարկա է, չի ենթադրում, որ կոնկրետ որևէ առարկայի հիմքն է լինելու. այստեղ լինելու է ազգային երգը, պարը, կրոնը` քրիստոնեական արժեհամակարգ, իր ինքնությունը և, ամենակարևորը, որ այս առարկայի շրջանակներում նախատեսում ենք, որ սանն ինքը չպիտի մեռած գիտելիքի կրողը լինի:
Նոր առարկաների չափորոշիչը մշակած խմբի ղեկավարն ասում է՝ հենց դա է կրթության նոր չափորոշիչի հիմքում և իրենք նոր դասագրքերը կազմելիս հաշվի են առնում ցանկացած հարց: Մկրտչյանն արդարացված չի համարում այն տեսակետը, թե որոշ թեմաներ դուրս են մնացել պատմություն առարկայի ուսուցման ծրագրից: Վստահեցնում է՝ իրենք կարևոր են համարում հատկապես դասավանդման մեթոդները:
Լիլիթ Մկրտչյան, ԵՊՀ դասախոս - Գիտելիքից զատ մենք խոսում ենք նաև հմտության, կարողունակության մասին, և սանը գործողությունների, կոնկրետ առաջադրանքների միջոցով է հասնում այդ ամբողջին՝ այդ գաղափարախոսությանը, հայրենիքին, հայրենասիրությանը, արժեհամակարգին ու ինքը դառնում է այդ ազգային երգի, պարի, մշակույթի տաղի կրողը»:
«Քվանտ» վարժարանի պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանն ասում է՝ փոփոխություններն անհրաժեշտ են, սակայն դրանք պետք է հիմնավորված և փաստարկված լինեն: Միավորված առարկաների բովանդակությունն ուսումնասիրել, 25 էջանոց հայեցակարգը թերթել ու արձանագրել է.
Միքայել Մալխասյան, «Քվանտ» վարժարանի պատմության ուսուցիչ, ԵՊՀ դասախոս - Ժամաքանակի կեսից ավելին՝ 30 ժամից ավելին, նախատեսված է «Սասնա ծռեր» էպոսի և նրա նման այլ ժողովուրդների էպոսների մասին, այսինքն` ես ուզում եմ հասկանալ սկզբունքը՝ ինչ հիմունքով է որոշվել, որ էպոսը պետք է կեսից ավելին լինի առարկայի:
Միքայել Մալխասյանը հակասություններ է տեսնում նաև 6-րդ դասարանի «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի դեպքում. «Գաղափարը վատը չէ»,- ասում է պատմության ուսուցիչն ու հարց ուղղում հանձնաժողովի անդամ գործընկերներին՝ թեմատիկ ընտրությունն ի՞նչ սկզբունքով են կատարել:
Միքայել Մալխասյան, «Քվանտ» վարժարանի պատմության ուսուցիչ, ԵՊՀ դասախոս - Ամբողջությամբ հին աշխարհի շրջանում է դա դրված, ստացվում է, որ մենք գլոբալ կոնտեքստում միայն հին աշխարհում ենք տեսնում, դրանից հետո գլոբալ կոնտեքստում մենք չկանք, սա է տպավորությունը, ընդ որում՝ այստեղ ևս ինտեգրման մասին, եթե խոսում ենք, էլի, մի քանի ժամով ինչ-որ թեմա է ներառված եկեղեցու պատմությունից:
Ավելի քան 18 տարի դպրոցում և բուհում «Հայ ժողովրդի պատմություն» դասավանդող Լիլիթ Մկրտչյանն ասում է՝ դժգոհությունների հետ մեկտեղ ուրախ է նաև կառուցողական քննադատությունների ու առաջարկությունների համար, բայց ինքը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ այս փոփոխությունները թուլացնելու են մեր ինքնությունն ու պատմության ճանաչողությունը:
Լիլիթ Մկրտչյան, ԵՊՀ դասախոս - Մենք այժմ գտնվում ենք համազգային երկխոսության և համազգային դաշինք կնքելու փուլում, կատարվում է մի գործընթաց, որը ոչ ոքից անկախ չէ, կատարվում է մի գործընթաց, որտեղ յուրաքանչյուր ոք իր ասելիքն ունի և յուրաքանչյուր անձի կարծիք ու գնահատական շատ կարևոր է:
Հանրային քննարկման դրված դպրոցական ծրագրերը դեռ կքննարկվեն ու հարկ եղած դեպքում կփոխվեն, բայց մանկավարժ Մկտչյանը լավատես է, որ նոր սերունդը նոր փոփոխություններով ավելի ինտելեկտուալ ու խելացի է լինելու: