Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի քննարկմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վերջին 15 օրում համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է:
«Հունիսի 11-ից հետո երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել: Երեկ ունեցել ենք 259 նոր դեպք: 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր, իսկ նման բան վերջին անգամ արձանագրվել է մայիսի 24-ին: Այս ամենը նշանակում է, որ շանս ունենք ջարդելու համաճարակի ողնաշարը, և այն մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ բոլոր տեղերում պետք է հստակորեն պահպանվեն հակահամաճարակային կանոնները, դիմակներ կրեն, պահպանեն սոցիալական հեռավորությունն ու հաճախակի լվանան ու ախտահանեն ձեռքերը:
Փաշինյանը հիշեցրեց՝ օգոստոսի 1-ին թոշակների բաժանման գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որ խնդիրներ, հերթեր չլինեն, ու հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն:
«Որևէ կասկած չկա, որ այս իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահմանման և քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է: Այսօրվա դրությամբ՝ պիկը ունեցել ենք հուլիսի 6-ին, երբ թվերն այնքան ահագնացող էին, որ նաև հանրության համար սթափեցնող նշանակություն ունեցան: Բայց ուզում եմ նշել, որ այս պրոցեսի անկյունաքարը, այնուամենայնիվ, դիմակների պարտադիր կրումն է: Համոզված ենք, որ դիմակների պարտադիր կրումն է, որ մյուս ջանքերը դարձնում է առավել արդյունավետ: Պետք է խնդրեմ նաև, որ հոգեհանգիստների, հուղարկավորությունների ժամանակ լինեք ծայրահեղ ուշադիր և պահպանեք նորմերը»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն արձանագրեց՝ արդեն հստակ է, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը կանոնավոր ավիափոխադրումները չեն վերականգնվի, այսինքն՝ ամառային արձակուրդները պլանավորելիս պետք է ներքին տուրիզմին ապավինել: Իսկ տեսչական մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
Վարչապետը հավելեց, որ այս արդյունքը նաև ոստիկանության գործողությունների և առավել խիստ լինելու հետ է կապված, որը որքան էլ դժվարություններ է առաջացնում, բայց օգնում է լուծելու խնդիրը: