Ամերիկյան առաջատար պարբերականներից մեկը՝ Washington Post-ն իր հոդվածներից մեկում խիստ քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրի քաղաքական ընդդիմության դեմ գործադրած ճնշումները:
Հոդվածագիրը նշում է, որ Իլհամ Ալիևը կորցրել է տիրապետումը: Ադրբեջանի նախագահը երբեք բարյացակամ չի եղել անկախ լրագրողների կամ այլախոհների նկատմամբ: Նախ՝ փետրվարին երկրում անցկացված խորհրդարանի ընտրությունները, որոնք ըստ միջազգային դիտորդների, անցել են առանց քաղաքական մրցակցության: Այժմ էլ՝ համավարակի ֆոնին, նավթի գնանկումն ու երկրի գլխավոր մրցակից Հայաստանի հետ լարվածությունը: Այս ամենի ֆոնին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանկարծ բացահայտում է ևս մեկ թշնամի՝ քաղաքական ընդդիմությանը: Ընդդիմադիրներին հերթով բանտարկելու Իլհամի Ալիևի հիստերիան սպառնում է ոչնչացնել այն, ինչ Ադրբեջանում մնացել է անկախ քաղաքական ուժերից:
Նովրուզի տոնի առիթով ժողովրդին ուղղված ելույթում Ադրբեջանի նախագահը հանձն է առել քաղաքական ընդդիմությանը խիստ դատապարտելու գործը՝ ընդգծելով, որ «մեզանում գոյություն ունեցող թշնամիներն իրենց ընդդիմություն անվանող տարրեր են, որոնք գումարներ են ստանում արտասահմանից»:
Ամերիկյան պարբերականն այնուհետև անդրադարձել է հայ-ադրբեջական սահմանին հուլիսի 12-16-ը տեղի ունեցած մարտերին, որոնք առաջին հակամարտությունն էին 2016-ից ի վեր: Լուրջ վնասներ կրելուց հետո Ադրբեջանի ներսում սկսվում են ցույցեր, որի ժամանակ ցուցարարները ներխուժել են երկրի խորհրդարան, բախվել են իրավապահ մարմինների հետ:
Ադրբեջանի նախագահի համար ցույցերի ենթատեքստը եղել է ընդդիմության գործունեությունը: Ցույցերից անմիջապես հետո երկրի նախագահը պարզապես հարձակում է գործել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության վրա: Իլհամ Ալիևը որոշել է վերջ դնել քաղաքական ընդդիմությանը՝ նշելով, որ այսպես այլևս չի կարող շարունակվել: Ալիևը խոստացել է «գնալ ընդդիմության կեղտոտ ու կոռումպացված առաջնորդների, վախկոտների ու դասալիքների հետևից, որոնք իրենց առաջնորդ են հռչակել»: Ալիևը նույնիսկ հայտարարել է, որ այդ ընդդիմադիրները հայերից վատն են:
Պարբերականը նշում է, որ այս ամենից հետո Ադրբեջանի անվտանգության ծառայությունները սկսել են ընդդիմադիրների ձերբակալությունները: Որոշ աղբյուների համաձայն, ներկայում ճաղերի հետևում է գտնվում 120 մարդ, այդ թվում՝ ղեկավարներ ու լրագրողներ: ԱՄՆ Պետքդեպարտամենտն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել խուսափել լռեցնել քաղաքացիական հասարակության շահերի պաշտպանությունը, ընդդիմության ձայնը կամ հանրային քննարկումները՝ օգտագործելով համավարակը: Ադրբեջանի արտգործնախարարն ի պատասխան քննադատական որոշ մեկնաբանություններ է արել ԱՄՆ-ում ռասիստական անհավասարության դեմ անցկացվող ցույցերի վերաբերյալ:
Սակայն, Միացյալ Նահանգների իշխանությունները բացատրել են, որ ԱՄՆ-ում ցույցերը գործող ժողովրդավարության մաս են կազմում, և եթե որևէ մեկը խնդիր ունի, ապա ազատ արտահայտվելու և ազատ հավաքներ կազմակերպելու երաշխավորված իրավունք ունի: Մինչդեռ Ալիևն իր երկաթե բռունցքը կիրառում է իրեն քննադատողներին ոչնչացնելու համար, ինչը հակասում է ժողովրդավարությանը: Հենց այդ է պատճառը, որ բոլորին պետք է անհանգստացնի այդ անզուստ բռնապետը: