Պաշտպանության բանակի 2020 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստվածությունը ստուգելու, մասնագիտական գիտելիքների մակարդակը, տեսական և գործնական հմտություններն ու ունակությունները բարձրացնելու նպատակով, հուլիսի 27-29-ը ՊԲ-ում անցկացվել են հրամանատարական հավաքներ:
Առաջին դասախոսությունը հավաքի մասնակիցների հետ անցկացրել է ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը կարևորել է նման ձևաչափով հավաքներն ու դրանց զուգահեռ իրականացվող տեսական ու գործնական պարապմունքները զորքերի ամենօրյա կենսագործունեության ամրապնդման և զորամասերի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում:
Հրամանատարական հավաքների ընթացքում, ըստ համապատասխան խմբերի, անցկացվել են դասախոսություններ ու սեմինար-պարապմունքներ մարտավարամասնագիտական պատրաստության առարկաներից, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին: Հավաքները օգտակար էին ոչ միայն հրամանատարական պատրաստության կատարելագործման, զորքերի ամենօրյա ղեկավարման հարցերում միատեսակ մոտեցումների ձևավորման, այլև ծառայողական փորձի փոխանակման և միմյանց հետ ավելի սերտ կապեր հաստատելու տեսանկյունից:
Հուլիսի 29-ին՝ հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանրապետության ղեկավարը, ողջունելով հրամանատարական հավաքի ամփոփիչ խորհրդակցության մասնակիցներին, նշել է, որ երկրի անվտանգության երաշխավոր պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում առաջադրված բոլոր մարտական խնդիրները` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանը:
Այնուհետև, անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություններին և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալից հայտարարություններին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ ամեն պահ ոչ միայն պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հակառակորդի սադրիչ գործողություններին, այլև, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք` վստահեցնելով, որ բանակաշինությունը այսուհետ ևս լինելու է երկրի իշխանությունների գերակա առանցքը և արվելու է առավելագույնը բանակի զարգացման ու հզորացման համար:
Հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից ի մի են բերվել արձանագրված արդյունքները, լավագույն ցուցանիշներ գրանցած մի խումբ զինվորականներ արժանացել են խրախուսման, իսկ մասնակից սպայակազմին հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: