Այսօր տեղի է ունեցել Հայաստանի վերականգնողական էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։
Նիստի ընթացքում ի թիվս օրակարգային մի շարք հարցերի ներկայացվել է հիմնադրամի՝ 2019 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, որը հաստատվել է խորհրդի անդամների կողմից։
Քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա Արագածոտնի, Գեղարքունիի, Կոտայքի և Շիրակի մարզերի ընտրված դպրոցներում էնեգախնայողության համակարգեր ներդնելու ծրագիրը։
Նախարար Սուրեն Պապիկյանը, ծանոթանալով հիմնադրամի աշխատանքների ընթացքում դպրոցների կարիքների գնահատման արդյունքներին՝ շեշտել է նմանօրինակ ծրագրերի դերը Հայաստանի կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված քայլերում․ «Հիմնադրամի ծրագրերի իրականացումը շատ կարևոր ազդակ եմ համարում թե՛ կառավարության հետ համագործակցության առումով, թե՛ հանրային ընկալման տեսանկյունից»:
Խորհրդի անդամները քննարկել են նաև համայնքներում իրականացվող, էներգախնայողությանը միտված սուբվենցիոն ծրագրերում հիմնադրամի ներգրավվածության հնարավորությունը։
Օրակարգում ներառված էր նաև չգազաֆիկացված համայնքներում իրականացվող ծրագրերի հարցը։ Այս ծրագրերի նպատակն է նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը տնային տնտեսությունների համար՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգգտագործմամբ։ Խորհրդի անդամները փաստել են, որ 2019 թվականի իրականցված աշխատանքների արդյունում տեղադրվել է շուրջ 3666 արևային կայան։
Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, քննարկել է նաև սահմանամերձ խոցելի համայնքներում էներգաարդյունավետ ջեռուցման և լուսավորության համակարգերի կառուցման հնարավորությունը։
Նիստի ավարտին հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրել է նաև հիմնադրամի ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։