Առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, որ մենք ունեցել ենք պիկի ժամանակ: Այդ մասին պարերատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով 1lurer.am-ի հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ կան կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության վերաբերյալ:
«Եթե աշնան ավելի ցուրտ սեզոնին դեպքերի աճ արձանագրենք, ապա նույն տրամաբանությամբ այն հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, որոնք հետ են ծավալվել իրենց հիմնական աշխատանքին, շատ արագ՝ մեկ-երկու օրվա ընթացքում, կարողանալու են կատարել այն ֆունկցիաները, որ կատարում են հիմա: Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին՝ մի բան էլ ավելին, պատրաստ ենք դրան»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ում կրկնավարակի դեպքեր արձանագրվել են, նախարարն ասաց, որ մի քանի նման դեպքեր եղել են: Նախարարը շեշտեց, որ վերջնական գիտական մակարդակի հետազոտություններ են պետք՝ պարզելու, թե ինչով է դա պայմանավորված:
«Ամեն դեպքում դրանք լայնածավալ և մեծամասշտաբ չեն և, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ աշխարհի մի շարք այլ երկրներում նման դեպքեր արձանագրվել են և այն ևս մեկ առիթ է տալիս մտածել, որ հիվանդանալ- լավանալը դեռ չի նշանակում, որ չպետք է պահպանել կանոնները: Նա նաև ընդգծեց, որ անհանգստանալու առիթ չկա առ այն, որ բոլոր վարակվածները կարճ ժամանակում նորից վարակվելու են այդ հիվանդությամբ:
Ի՞նչ փուլում են պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունները հարցին ի պատասխան էլ Թորոսյանն ասաց, որ դրանք շարունակվում են երկու հիմնական ուղղություններով: Նա ասաց, որ դրանք երկկողմանի բանակցություններ են «Մոդեռնա» ընկերության հետ, որը հաջողություններ է գրանցում:
«Ոչ միայն այդ պատվաստանյութը, այլև մի շարք այլ պատվաստանյութեր են հաջողություններ գրանցում և բանակցությունների հաջողության դեպքում մենք դրա մասին կհայտարարենք: Նաև բանակցություններ են վարվում բազմակողմանի ֆորմատով և 100-ից ավելի երկրներ բանակցում են մի քանի արտադրողների հետ հավաքական գնումներ իրականացնելու շուրջ: Դա թույլ է տալու շատ երկրների ապահովել իրենց հասանելիությունն այդ պատվաստանյութին, եթե պատվաստանյութերը վերջնական հաստատում ստանան և գրանցվեն»,- ասաց Թորոսյանը: