Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որդեգրած քրեաիրավական խստացման քաղաքականության շրջանակում դեռևս 2020թ. ապրիլի 27-ին Շիրակի մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հանձնարարական էր տրվել մարզի տարածքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ, 223.2-րդ, 223.3-րդ և 223.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման հնարավոր հանգամանքը պարզելու, այդպիսիք արձանագրվելու դեպքում ընթացք տալուն ուղղված համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։
Տրված հանձնարարականի հիման վրա Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու առերևույթ հանցագործության մասին:
Մասնավորապես պարզվել է, որ պարտապանը, սնանկության գործով կառավարչից տեղեկանալով սեփականության իրավունքով իրեն պատկանող և բանկում գրավադրված ավտոմեքենան աճուրդով այլ անձի վաճառված լինելու հանգամանքի վերաբերյալ, բջջային հեռախոսահամարով կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել ավտոմեքենայի դիմաց ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնել՝ միաժամանակ փորձելով նրա հետ հանդիպել:
Սակայն գնորդի կողմից մերժում ստանալով՝ այդ անձը նշյալ վեճը լուծելու խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գողական աշխարհի ներկայացուցիչ, «օրենքով գող» հանդիսացող անձի քրոջ որդուն՝ Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի օգնությանը՝ վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով իրեն դիմած անձանց նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալուն ուղղված, մասնավորապես՝ ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու և իր տիրապետության տակ թողնելու կապակցությամբ համապատասխան գործողություններ կատարելու համար:
Մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը և ներգրավվելով դրանում՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձն իր հերթին բջջային հեռախոսահամարով զանգահարել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել ամեն կերպ հանդիպել վերջինիս հետ՝ նրա կողմից գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով, մասնավորապես, այդ մեքենան նախկին սեփականատիրոջը վերադարձնելու համար, ինչը, սակայն, մերժվել է գնորդի կողմից։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 223.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։