Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է: Վերջին չորս-հինգ օրերի տվյալով` ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Համեմատությունը, վարչապետի դիտարկմամբ, հարաբերական է, քանի որ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսել Հայաստանում, դա ակնհայտ է, դա պայմանավորված է կառավարության հակահամաճարակային միջոցառումների հետ և դրա անկյունաքարը դիմակների կրումն է բաց և փակ տարածներում:
Ճեպազրույցի նպատակն, ըստ վարչապետի, ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելը, եթե թվերի նվազման և իրավիճակի բարելավման ֆոնին թուլացնենք զգոնությունը, շատ արագ հնարավոր է վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն աճ ունենալ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք նման նախազգուշական ահազանգերով հանդես էինք գալիս հունիսին, պիկի ժամանակ, հույս ունենք, որ այս անգամ մեր ահազանգին մեր հանրության կողմից կանոնները կպահպանվեն:
Շատ երկրներ որոշակի բարելավումից հետո, թուլացնելով զգոնությունը, կրկին վատթարացում են արձանագրել, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը: Կոչ արեց՝ ավելի զգոն լինել, քանի որ տրված է հնարավորություն՝ հաղթահարելու ճգնաժամը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ոստիկանությունը և տեսչական մարմինները իրականացնելու են ստուգումներ, և քաղաքացիներն ակնկալում են սահմանափակումների թուլացումներ, ուզում եմ ասել, որ դա մեր օրակարգի ամեմնօրյա հարց է և որևէ մեկը կառավարությունից առավել շահագրգռված չէ այս հարցում:
Շատ է խոսվում պիկի մասին: Առողջապահության նախարարի խոսքով` Հայաստանում պիկը եղել է հուլիսի վեցին: Դրանից հետո ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել: Ինչ վերաբերում է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությանը, Արսեն Թորոսյանն հավաստիացրեց՝ վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չկա, առկա են բազմաթիվ հիվանդանոցային ազատ մահճակալներ:
Համաճարակային վիճակը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար վիճակը վերահսկելի է: Փոխվարչապետի համոզմամբ, զգոնությունն ու կարգապահությունն են բերելու ցանկալի հաջողության:
Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետ - Օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը: Ներկա դրությամբ` ռեժիմի երկարացման տարբերակները քննարկվում են և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակային պատկերն առաջիկայում:
Պարետատունը, հենվելով անցած ամիսների փորձին, մշակում է համավարակի կառավարման պլան, որը ուղենշային կլինի կառավարության գործողությունների համար: Պարետն ասաց՝ պետք է սովորել ինչպես աշխատել համավարակի պայմաններում:
Ճգնաժամի փուլը վերջանական փակել հնարավոր է, բայց, վարչապետի դիտարկմամբ, դա կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից: