Վերջին 5 ամիսները մեզ համար եղել են պայքարի, մեր սկզբունքների վերարժևորման, նաև դժվարությունների հաղթահարման, մեծ ու փոքր հաջողությունների ամիսներ: Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց պարետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է, տնտեսվարողների կողմից կանոնների պահպանումն իրենց արդյունքը տալիս են, ուստի զգոնությունը և կարգապահությունը պետք է շարունակական կարևորվեն:
Ավինյանը հիշեցրեց, որ օգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը, ներկայում քննարկվում են ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով կառավարման տարբերակները՝ իհարկե կախված նրանից, թե ինչպիսի համաճարակային պատկեր կլինի Հայաստանում;
«Այս առնչությամբ պարետատունը, հիմնվելով փորձի և դասերի վրա, մշակում է համավարակի կառավարման պլան, որն ուղենշային կլինի կառավարության գործունեության համար: Տրամաբանությունը պետք է լինի հետևյալը՝ սովորենք ապրել և աշխատել համավարակի պայմաններում և անվտանգության նորմերի պահպանմամբ հնարավոր դարձնել նորմալ կյանքին վերադարձը:
Առաջիկայում կհրապարակենք ուղեցույց, թե համաճարակաբանական իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը՝ ինչ սահմանափակումներ և կանոններ են կիրառվելու կոնկրետ ոլորտներում: Այս պահին քննարկում ենք դեռևս սահմանափակված ոլորտները վերաբացելու հնարավորությունը:
Մասնավորապես կհրապարակենք կրթության ոլորտի՝ մանկապարտեզների, դպրոցների, բուհերի կառավարման պլանները, կհստակեցնենք՝ ինչ մոդելով կգործեն ուսումնական հաստատությունները: Ուղեցույցներ կհրապարակենք նաև թանգարանների, թատրոնների վերաբացման վերաբերյալ, կհրապարակվեն նաև վերաբացվեն ժամկետները:
Առաջիկայում սահմանափակումների մեղմացումներ չեն լինելու ավիափոխադրումների ոլորտում: Դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը, մեր հայրենակիցները կարող են իրենց հանգիստը պլանավորել Հայաստանում:
Սակայն չարտերային չվերթների ավելացում կլինի: Հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է իրականացնում «էյր Ֆրանսը», օգոստոսին նախատեսվում է «Այսլանդ էյր» ավիաընկերության կողմից երեք չարտերային չվերթ՝ Լոս Անջելես- Երևան ուղղությամբ»,- ընդգծեց Ավինյանը: