Բարձր միավորներով որևէ ԲՈՒՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հանդիպել են խորհրդարանի երեք խմբակցության պատգամավորների հետ: Օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնելուց հետո խնդրի մանրամասները ներկայացրել նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին:
Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ նախարարությունը փոխել ընդունելության կարգը, սակայն դիմորդների և նրանց ծնողների պնդմամբ՝ պատշաճ կերպով չի իրազեկել: Նոր փոփոխություններով՝ մրցույթն ընթացել է նույն մասնագիտությունն առաջին հայտով նշած դիմորդների միջև։ Եվ միայն թափուր տեղերի առկայության դեպքում է բարձր միավոր ստացած, բայց չընդունված դիմորդը հնարավորություն ստանում մասնակցել ընտրած մասնագիտության համար մրցույթի:
Չընդունված դիմորդներն իրավիճակի մեղավոր են համարում կրթության նախարարությանը և գնահատման ու թեստավորման կենտրոնին: Դիմորդներից մեկի ծնողն ասում է՝ նոր կարգն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին, մինչդեռ հայտերի լրացումն սկսվել է մայիսի 25-ից: Ոլորտի պատասխանատու նախարարը դեռ ապրիլին հայտնել էր սպասվող փոփոխության մասին: Դիմորդի ծնողը համարում է, որ նախարարն օրենք է խախտել:
Քննարկումը թեժացել է, երբ կրթության հանձնաժողովից իշխող ուժը ներկայացնող Լիլիթ Ստեփանյանը փորձել է հակափաստարկներ ներկայացնել: Մինչև այդ դիմորդներից Հայկը նշել էր նաև այն տեխնիկական խնդիրները, որոնց առնչվել են. օրինակ` հայոց լեզվի և գրականության քննություն հանձնած դիմորդն ընդունվել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Իշխանական պատգամավորը բացատրություն ունի՝ խոսքն ավելի քան 11 հազար դիմորդի մասին է, բնական է՝ կլինեն նաև տեխնիկական սխալներ:
Բողոքող դիմորդների պահանջը՝ ավելացնել տեղեր իրենց նախընտրելի մասնագիտություններով, պարզվեց` անհնար է: Այն, որ իրազեկման հետ կապված թերացումներ եղել են, ընդունում է նաև իշխանական պատգամավորը, սակայն կարծում է՝ դիմորդներն ու նրանց ծնողները տեղականալու տարբերակներ, այունամենայնիվ, ունեցել են:
Ազգային ժողովի երեք խմբակցության անունից նամակ կուղարկվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սակայն կփորձեն ոչ թե գլոբալ լուծում տալ, այլ պարզել առանձին դեպքերով՝ ինչ խնդիրներ կան: Սրան զուգահեռ` դիմորդների ծնողները նաև տեղեկացրել են՝ իրենց իրավունքների պաշտպանության նպատակով մի քանի տասնյակ դիմորդի ծնողների ստորագրությամբ պատրաստվում են դիմել Վարչական դատարան: