Առաջիկա 5 տարում Արցախում մի քանի հազար բնակարան կկառուցվի: Նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է Ստեփանակերտի բնակարանաշինական ծրագրերին: 187 բնակարան նախատեսված է Արցախի մայրաքաղաքի Թումանյան փողոցում: Շինարարությունն իրականացվում է ներդրումային ծրագրով:
Կոմիտաս Հարությունյան, կապալառու ընկերության աշխղեկ - Լինելու են 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ. 2 սենյականոցների միջին մակերեսը` 72-73 քառակուսի մետր, 3 սենյականոցներինը՝ 93 և 4 սենյականոցներինը՝ մինչև 115 քառակուսի մետր:
Նախատեսվում է թաղամասի շինարարությունն ավարտել 2021-ի սեպտեմբերին: Նույն ժամկետում պետք է պատրաստ լինի բարեգործական միջոցներով կառուցվող 10 հարկանին: Զուգահեռ սկսում է իրագործվել Արայիկ Հարությունյանի՝ «Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան» նախընտրական խոստումը:
Համլետ Վաչենանց, գործարար - Շենացնենք, հայրենիքում կառուցենք այս շենքերը, որ, իսկապես, մարդիկ տեսնելով` ցանկություն հայտնեն ապրել այդ շենքերում: Բազմահարկ, բազմաբնակարան շենքեր, սեյսմակայուն, գեղեցիկ, սիրուն:
Գործարար և բարերար Համլետ Վաչենանցի ֆինանսավորվամբ երկու տարում Ստեփանակերտում կկառուցվի 16 հարկանի երկու շենք: Ներդրողը վստահեցնում է՝ պայմանները շահառուների համար հարմար կլինեն: Երկու տարի անց կշահագործվի Արցախի մայրաքաղաքի առաջին 15 հարկանին:
Էդուարդ Հովհաննիսյան, ընկերության գլխավոր ինժեներ - 120 բնակարան կլինի արդեն կանգնած 15 հարկանի շենքում, 176 բնակարան նախատեսվում է նոր հիմք դրվող համալիրում:
Բնակելի երկու մեծ թաղամաս կկառուցվեն Ստեփանակերտի Տիգրան Մեծի և Ազատամարտիկների փողոցներում: Վերջինս կունենա 5 հեկտար տարածք: