Անիի համայնքապետարանում արդեն երկու տարի մարդ չկա։ Շենքի մուտքի դուռը բաց է, աշխատասենյակները փակ։ Դեռ 2018-ին մարալիկցիները շուրջօրյա ցույցերով արգելեցին համայնքապետ Արտակ Գևորգյանին մտնել շենք՝ պահանջելով նրա հրաժարականը։ Համայնքապետն էլ հայտարարեց, որ աթոռակռիվ է, աթոռը կանցնի մյուս կողմին միայն իր դիակի վրայով և հեռացավ մեկ փողոց այն կողմ։
Հիմա այս կառույցը մինչև կեսօր համայնքապետարան է, այնուհետև՝ երաժշտական դպրոց։ Երաժշտականի դահլիճում այսօր ժողով էր։ Արտակ Գևորգյանը ոչ թե հրաժեշտ էր տալիս աշխատակազմին, այլ հայտարարում՝ շարունակում են աշխատել նույն տեմպով։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կայացրած որոշմամբ՝ Արտակ Գևորգյանին չարաշահման համար դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման և պատժի կրումից համաներմամբ ազատ արձակել: Երեք տարով էլ զրկել է պետական որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Այդուհանդերձ, 17 տարի պաշտոնավարող Գևորգյանն ասում է, որ ինքը համայնքապետի պաշտոնից հեռացողը չէ։
Գևորգյանին հակառակ ճամբարից պնդում են, որ նա Անի համայնքում 4000 քվե չի հավաքել: Նրանք վստահեցնում են, որ ավելի քան 4,500 հոգի ստորագրել է, որ Հանրապետական Արտակ Գևորգյանը հեռանա։
Գևորգյանն ասում է, որ դատարանի որոշումը բողոքարկելու է ամբողջությամբ։ Ըստ նրա հետապնդվում է քաղաքական հայացքների համար։ Չարաշահում իրականացնելու որոշումն էլ կայացվել է, քանի որ Գեւորգյանը հրաժարվում է թողնել համայնքապետի պաշտոնը։
2004 թվականից համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Արտակ Գևորգյանի հրաժարականը մարալիկցիները պահանջում են արդեն 2,5 տարի՝ մեղադրելով նրան տարբեր չարաշահումների համար։
Այնուհանդերձ նշում են, որ իրենց նպատակը ոչ թե Գևորգյանին ազատազարկման դատապարտելն է եղել, այլ որ թողնի համայնքապետի պաշտոնը։ Այսօր էլ պահանջում են Արտակ Գևորգյանի հրաժարականը։
Գևորգյանը դարձյալ նույն պատասխանն է հնչեցնում՝ աթոռը չի թողնելու և գոյություն չունի մեխանիզմ, որով իրեն զրկեն պաշտոնից։
Դատարանի օրինական որոշումն ուժի մեջ կմտնի 10-օրյա ժամկետում։