Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ ընդգծելով, որ սա Նախիջևանի սահմանին նման համատեղ միջոցառում անցկացնելու առաջին դեպքը չէ։
«Նյարդերս արդեն չեն հերիքում
Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց փորձագետ են համարում և հիմա խուճապ են տարածում՝ կապված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հետ՝ ընդգծելով, որ «դրանք Հայաստան ներխուժելու նախապատրաստություն են»։
Հարգելի՛ փորձագետներ, այդ զորավարժությունների ավարտը նշանակված է օգոստոսի 10-ին, եթե օգոստոսի 11-ի դրությամբ Թուրքիան ներխուժած չլինի Հայաստանի տարածք, արդյոք պատրա՞ստ եք գործել առնվազն «փորձագիտական ինքնասպանություն» և ցմահ լռել, երբևէ, որևէ դեպքում հրապարակավ չհայտնել ձեր հեղինակավոր փորձագիտական կարծիքը։
Հ․ Գ․ - Ես երբևէ չեմ ասել և չեմ ասում, թե Թուրքիայից վտանգ չի բխում մեր հանդեպ, հատկապես ներկայիս Թուրքիայից, որը բավական շատ է փոխվել 2000-ականների սկզբների Թուրքիայի հետ համեմատ, երբ Էրդողանն ու իր թիմը նոր էին եկել իշխանության, երբ Էրդողանի ներքին ու արտաքին դիրքերը բավական թույլ էին, երբ նա դեռ ցույց չէր տվել իր իրական դեմքը, գառան մորթով գայլ էր։
Վտանգներ կան իհարկե, թուրք-ադրբեջանական զորավարժություններին էլ պետք է ուշադիր հետևել, զգոն լինել, ամենատարբեր ուղղություններով քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները զսպելու համար և այլն, և այլն։
Նորից ընդգծում եմ, որ ոչ մի դեպքում ոչ ոք չի կարող հիմնավոր համեմատել Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի դեպքերը՝ Թուրքիայի ռազմական միջամտությունները Հայաստանի պարագայի հետ։ Մի քանի օր առաջ գրել էի տարբերությունների մասին, ոչ մի կերպ նման չեն իրավիճակները։
Առաջին դեպքը չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնում են համատեղ զորավարժություններ, առաջին դեպքը չէ, որ դա անում են Նախիջևանում, առաջին դեպքը չէ, որ դրանցում մշակվում են Հայաստանի վրա հարձակման կամ հակահարձակման սցենարներ, առաջին անգամ չէ, որ Թուրքիան հանդես է գալիս ադրբեջանամետ և նաև սուր հայտարարություններով։
Նորից եմ ասում, ոչ մի դեպքում ես չեմ ասում, թե ներկայիս Թուրքիայից վտանգ չի բխում մեզ համար, բայց դա չի նշանակում էլի, որ պիտի ասեն, թե Թուրքիան ուր որ է, ներխուժելու է Հայաստան, դրա շեմին է և այլն։ Շատ բան կարելի է գրել, կարելի է ԱՆՎԵՐՋ բանավիճել։ Ես կսպասեմ օգոստոսի 11-ի գալստյանը և նման փորձագետների փորձագիտական ինքնասպանությանը»,- նշված է թուրքագետի գրառման մեջ։