ԱՄՆ-ի իշխանությունները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարար, Օսման Քավալային։ Նա արդեն 1001-րդ օրն է անցկացնում բանտում՝ հայտնում է ermenihaber-ը։
«Հորդորում ենք Թուրքիային հարգել իր հանձնառություններն ու արդարացի, թափանցիկ և արագ հանգուցալուծում տալ գործին», - նշվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության մեջ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ` սույն տարվա փետրվարի 18-ին ազատ էր արձակվել «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալան։
Սակայն ժամեր անց Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Օսման Քավալայի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացրել:
Քավալան այս անգամ մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդված հատկանիշներով, այն է՝ «Սահմանադրական կարգը խաթարելու փորձ»։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ում իր դժգոհությունն է հատնել Օսման Քավալայի ձերբակալման առթիվ՝ այդ որոշումը անամոթություն որակելով։
Հիշեցնենք, որ Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։