Լա լիգայում չեմպիոնությանը հաջորդած կարճատև արձակուրդից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերադարձել են մարզումների՝ մինչև դրանց մեկնարկը կորոնավիրուսի թեստեր հանձնելով։
«Արքայական ակումբի» խաղացողներից մեկի թեստը դրական արդյունք է տվել՝ տեղեկացնում է Radio estadio-ն։ Ֆուտբոլիստը անմիջապես ինքնամեկուսացել է տանը։ Նա չի մասնակցել իսպանական ակումբի մարզմանը։ Ակումբի պաշտոնական կայքը արդեն հաստատել է՝ վարակված խաղացողը Մարիանո Դիասն է։
Զինեդին Զիդանի գլխավորած թիմն օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում պետք է պատասխան հանդիպում անցկացնի «Մանչեսթեր սիթիի» հետ:
Իրավիճակի մասով ՈՒԵՖԱ-ն մեկնաբանություն է արել՝ հույս հայտնելով, որ կատարվածը չի ազդի առաջիկա խաղի կազմակերպման վրա:
«ՈՒԵՖԱ-ն կապի մեջ է «Ռեալի» հետ և հետևում է իրավիճակին ու Իսպանիայի իշխանությունների որոշումներին: Մենք վստահ ենք, որ կատարվածը չի ազդի առաջիկա խաղի կազմակերպման վրա»,- ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը մեջբերում է BBC Sport-ը: